Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Արցախի պետնախարարը հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին


ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն  օգոստոսի 7-ին հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, «Արցախի ներդրումային» հիմանդրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Գ․ Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական ոլորտի դերն ու նշանակությունը Արցախի տնտեսական կյանքում։ Պետնախարարի խոսքերով՝ ոլորտում զբաղվածությունը կազմում է շուրջ 500 աշխատակից՝ 300.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ երկար տարիներ պետության և ֆինանսական ոլորտի տնտեսվարողների միջև առկա է համագործակցության բարձր մակարդակ, հատկապես բիզնես վարկավորման և հիպոթեքային վարկավորման ասպարեզներում։

Պետնախարարն անդրադարձել է էլ ավելի վաղ Արցախում մեկնարկած և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առևտրային բանկերի կողմից որոշ կատեգորիաների ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի և դուրս գրված վարկերի տույժերի և տուգանքների ներման գործընթացին։ Գ․ Մարտիրոսյանի առաջարկով՝ տնտեսվարող բանկային և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս հարցում իրենց կառույցների որդեգրած մոտեցումները, որոնք գլխավորապես հանգում էին անհուսալի վարկառուների կուտակած տույժերի և տուգանքների ներմանը և վարկերի վերակազմավորմանը։ Համփոփումն այդ ներկայացումների՝ պետնախարարը կարևորել է բանկերի ֆիզիկական անձ հաճախորդների պատշաճ իրազեկումը՝ կապված այս կամ այն կատեգորիային իրենց պատկանելության և վերոնշյալ ընթացակարգից օգտվելու հնարավորության հետ։ 

Հանդիպմանը քննարկվել է նաև աշխատանքային քարտերի սպասարկմանը և գործընթացի բաց և մրցակցային մրցութավորմանը, շրջաններում հիպոթեքային շուկայի ակտիվացմանը և բանկային կապիտալի ներգրավմանը, հիպոթեքային վարկավորմամբ վճարվող կանխավճարի հնարավոր մատչելիացման հեռանկարին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ