Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Քայլ դեպի տուն» ծրագիրը աննախադեպ է միաժամանակյա մասնակցության առումով

«Քայլ դեպի տուն» ծրագիրը աննախադեպ է միաժամանակյա մասնակցության առումով

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայ երիտասարդների համար նախատեսված «Քայլ դեպի տուն» ծրագիրը հագեցած է լինելու ուսումնական և ճանաչողական միջոցառումներով: Ծրագրին մասնակցելու է ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի տարբեր երկրներից:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը: Նրա խոսքով` ծրագիրը միտված է լինելու խթանելու հայապահպանությանը և հայրենադարձությանը:

«Ծրագրի առաջին հատվածը ուսումնական բաղադրիչն է, որը ներառում է իր մեջ  հայոց լեզվի արագացված  ուսուցման դասընթացներ, հանդիպումներ  Հայաստանի պետական և  մշակութային  գործիչների հետ, ֆիլմերի դիտումներ:

Երկրորդ հատվածում կլինեն ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, Հայաստանի կրթական կենտրոններ: Իսկ ծրագրի վերջին երեք օրը երիտասարդները կանցկացնեն ճամբարում»,- ասաց Ենգիբարյանը:

Ծրագրի պատասխանատուն նշեց, որ հայոց լեզվի արագացված դասընթացների համար խմբերը կազմվել են ըստ լեզվի իմացության մակարդակի, տարիքի և տարածաշրջանի առանձնահատկությունների:

«Հայոց լեզվի դասաժամերը կրկնապատկվել են, ավելացել է «Հայոց պատմություն» առարկան: Ծրագրի մասնակիցները կայցելեն նաև հայաստանյան ուսումնական հաստատություններ, կծանոթանան ուսումնական ծրագրերին»,- նշեց Ենգիբարյանը:

Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանն ընդգծեց, որ ծրագիրն աննախադեպ է մասնակիցների միաժամանակյա մասնակցության առումով:

Ըստ փոխնախարարի` նախորդ ծրագրերի միացման արդյունքում հաջորդ տարվա բյուջեում 50 միլիոն դրամի խնայողություն է տեղի ունենալու:

«Ծրագիրն «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի միացման արդյունքն է: Նպատակը, որ մրցույթին կարողանան մասնակցել նաև այլ կազմակերպություններ և բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Մրցույթին մասնակցել է չորս կազմակերպություն և շահել է «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ն: Շահող կազմակերպությունն արդեն սկսել է կազմակերպական աշխատանքները», - հավելեց փոխնախարարը:

 ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]