Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ քայլն Իրանի տնտեսությունը դնում է վատ վիճակում. Գոհար Իսկանդարյան

Պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ քայլն Իրանի տնտեսությունը դնում է վատ 
վիճակում. Գոհար Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը սպասելի էր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ  այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ կնքված համաձայնագրից դուրս գալու մասին, ակնհայտ էր, որ գնալու է պատժամիջոցների վերականգնման քայլին:

«Հաջորդ փուլը նոյեմբերին է սպասվում, երբ էլ ավելի են խստացվելու պատժամիջոցները, որոնք անդրադառնալու են նավթագազային ոլորտին: Պետք է փաստենք, որ Թրամփի հայտարարությունից հետո արևմտյան 150-200 ընկերությունները, որոնք այս ընթացքում գրանցվել էին և փորձում էին աշխատանքներ իրականացնել Իրանում, դուրս են գալիս և ավելի վատ վիճակում են դնում երկրի տնտեսությունը»,-ասաց Գոհար Իսկանդարյանը: Նա նշեց, որ թեպետ եվրոպական երկրները հայտարարում են, թե չեն միանալու պատժամիջոցներին, սակայն տեսնում ենք, որ եվրոպական բիզնեսը նույնպես դուրս է գալիս Իրանից: Նրանք դիմում են այդ քայլին, որովհետև Թրամփը շատ կոնկրետ հայտարարել է՝ այն ընկերությունները, որոնք Իրանի հետ կաշխատեն, հնարավորություն չեն ունենա իրենց գործունեությունը ծավալելու ԱՄՆ-ում:

Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա իրանագետը նշեց, որ դրանք ակնհայտ են. պատժամիջոցներն իրենց ազդեցությունն են թողնելու Իրանի տնտեսության վրա: Իրանի արժույթն արժեզրկվելու է, շղթայական ռեակցիայով երկրում տեղի են ունենալու ցույցեր, երբ մասնակիցները բողոքելու են իրենց սոցիալ-տնտեսական վիճակից: Պահանջ է լինելու, որ Իրանի իշխանությունները դադարեցնեն օգնությունը տարածաշրջանային երկրներին և իրենց ուշադրությունը բևեռեն երկրի տնտեսական հարցերի վրա:

«Ներքին բողոքները միշտ են եղել, պարզապես վերջին մեկ տարվա ընթացքում դրանք սաստկացել են, սոցիալական խնդիրները զգացնել են տալիս: Սրանից էլ օգտվում է ԱՄՆ-ն՝ ասելով, որ Իրանի ժողովրդի կողքին է, որ իրենց պահանջները համընկնում են Իրանի ժողովրդի պահանջների հետ: Բնականաբար, բողոքներ, դժգոհություններ լինելու են, հուսով եմ, որ Իրանի իշխանությունները կփորձեն կարգավորել օրեցօր ահագնացող խնդիրը»,-հավելեց իրանագետը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Իրանի դեմ պատժամիջոցները երկու փուլով վերականգնելու վերաբերյալ: Դրանք հետաձգվել էին 2016 թվականի հունվարին ստորագրված Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կնքումից հետո: Պատժամիջոցների՝ օգոստոսի 7-ին սկսվող առաջին փուլի շրջանակում կվերականգնվեն սահմանափակումներն ընդդեմ Իրանի սուվերեն պետական պարտքի և նրա ազգային արժույթիԴրանից բացի, կվերականգնվեն պատժամիջոցները մետաղների և թանկարժեք մետաղների առևտրի, ինչպես նաև կառավարության կողմից դոլար գնելու գործընթացի նկատմամբ:

Պատժամիջոցների երկրորդ փուլը նախատեսված է ուժի մեջ մտցնել ընթացիկ տարվա նոյեմբերի  4-ին: Վերջին փուլը, ինչպես ընդգծված է հրամանագրում, ենթադրում է պատժամիջոցների վերականգնում՝ կապված  նավթի արտահանման և էներգետիկ հատվածի, ֆինանսական ինստիտուտների հետ: Կլինեն պատժամիջոցներ այն ընկերությունների դեմ, որոնք ունեն նավահանգիստներ, պատկանում են նավաշինական ճյուղին, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ու այն կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ֆինանսական տեղեկատվության փոխանցման հետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]