Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բրիտանական կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակների համար հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսի 6-ին

Բրիտանական կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակների համար 
հայտերի ընդունումը կմեկնարկի օգոստոսի 6-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունում կրթություն ստանալու «Չիվնինգ» կրթաթոշակների համար դիմումներն ընդունվում են 2018թ. օգոստոսի 6-ից մինչև նոյեմբերի 6-ը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից, հայտերը պետք է ներկայացնել www.chevening.org/apply կայքի միջոցով:

«Չիվնինգ» կրթաթոշակները շնորհվում են առաջնորդության ներուժ և բարձրագույն կրթություն ունեցող անհատներին: Կրթաթոշակը լիարժեք ֆինանսական աջակցություն է ապահովում ապագա ղեկավարներին՝ ցանկացած բրիտանական համալսարանում «Չիվնինգ»-ի պահանջներին համապատասխանող մագիստրոսական կրթություն ստանալու համար՝ միաժամանակ ձեռք բերելով նաև բացառիկ ակադեմիական, մասնագիտական և մշակութային փորձ:

Վերջին 35 տարիների ընթացքում 50000 մասնագետներ են հնարավորություն ստացել «Չիվնինգ»-ի միջոցով կրթվելու Միացյալ Թագավորությունում (ՄԹ)։ 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում մենք կրթաթոշակ կտրամադրենք ավելի քան 1500 հոգու ողջ աշխարհում՝ նպաստելով ապագայի ղեկավարներ կերտելու ՄԹ-ի հանձնառության իրականացմանը։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ասել է.

«Մենք փնտրում ենք ցանկացած ոլորտը ներկայացնող առաջադեմ ու հեռահայաց մասնագետների։ Այնպիսի հասկացություն, ինչպիսին «Չիվնինգ»-ի «տիպիկ» կրթաթոշակառուն է, գոյություն չունի, սակայն մինչ այժմ կրթաթոշակ ստացած բոլոր անձինք մեկ ընդհանրություն են ունեցել՝ նրանք համարձակություն են դրսևորել քայլ անելու և դիմելու կրթաթոշակի համար։

Եթե դուք ընտրվեք, դուք առաջնակարգ բրիտանական կրթություն կստանաք, ինչը ձեր առջև կբացի կարիերայի դռները։ Դուք նաև կմիանաք «Չիվնինգ»-ի շրջանավարտների ցանցին, որի անդամներն անցել են նույն ճանապարհը և կարող են խորհուրդներ ու կոնտակտներ տրամադրել ձեզ։

Հայաստանում մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակից օգտվել է 150 հոգի, նրանց թվում՝ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և աշխատակիցներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

«Չիվնինգ» կրթաթոշակի առավելությունները բազմաթիվ են, ուստի եթե դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը համապատասխանում եք «Չիվնինգ»-ի պահանջներին, խրախուսում եմ ձեզ հայտ ներկայացնել մինչև նոյեմբերի 6-ի վերջնաժամկետը»։

 «Չիվնինգ»-ի ծրագրերի կառավարման ղեկավար Լուիս Թոմսոնն ընդգծել է, որ «Չիվնինգ»-ը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու այն, ինչը հետաքրքրում է։ «Դուք կարող եք ընտրել ավելի քան 150 բարձրագույն ուսումնական հաստատությունների 12000 մագիստրոսական կուրսերից մեկը։ Բրիտանական համալսարանները մշտապես առաջատար դիրքեր են զբաղեցնում ԲՈՒՀ-երի համաշխարհային վարկանիշային ցուցակներում, հետևաբար դուք պետք է պատրաստ լինեք ակադեմիական մարտահրավերների։ Բացի այդ, դուք շատ բան կսովորեք նաև լսարանից դուրս՝ շփվելով աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մարդկանց հետ, ազատ ժամանակ ՄԹ-ում ճամփորդելով և ձեր համայնքների առօրյայի մեջ ներգրավվելով: «Չիվնինգ»-ը կազմակերպում է միջոցառումների բացառիկ ծրագիր՝ ձեզ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու բրիտանական ժառանգությանն ու պատմությանը, քննարկելու միջազգային քաղաքականությունը և մի շարք ակադեմիական, մշակութային ու սոցիալական միջոցառումների ընթացքում շփվելու տարբեր ոլորտների առաջնորդների հետ։ Սովորելու և նվաճումներ արձանագրելու այդ մեկ տարին շատ արագ է թռչում։ Այդ ընթացքում ձեր ակադեմիական գիտելիքները խորանում են, մասնագիտական կապերը՝ ընդլայնվում, ձգտումները՝ մեծանում, ձեզ դարձնելով առավել ունակ ու մոտիվացված՝ հայրենիք վերադառնալու և ձեր երազանքներն իրականացնելու համար»,- ասել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]