Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երաժշտության. դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի «Նորամուտ»-ը  

Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երաժշտության. դաշնակահարուհի Անահիտ 
Դիլբարյանի «Նորամուտ»-ը

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա մուտքը երաժշտության ասպարեզ կարծես ծնված օրվանից կանխորոշված լիներ: 2-3 տարեկանը բոլորած աղջիկն արդեն իսկ նվագելու հակում ուներ: Իսկ ավելի ուշ նա սկսեց մասնակցել մրցույթների, որոնց ժամանակ ստանում էր իր առաջին մրցանակները: Բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների, Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակի դափնեկիր դաշնակահարուհին փաստում է՝ փոքր տարիքից էլ հասկացել է, որ երաժշտությունն իր կյանքի մի կարևոր մասն է: «Արմենպրես»-ը ներկայացնում է Անահիտ Դիլբարյանի «Նորամուտ»-ը:

Սեր երաժշտության նկատմամբ

Սերն իմ մեջ առաջացել է մայրիկիս շնորհիվ: Նա քանոնահարուհի է, և ես, մանկապարտեզ հաճախելու փոխարեն, հաճախ նրա հետ գնացել եմ երաժշտական դպրոց: Դեռ երկու տարեկանում ծանոթացել եմ քանոնին: Մայրիկս պատմում է, որ երբ իր աշակերտներից մեկը վերջացրել է դասը, իսկ ինքը դուրս է եկել դասասենյակից, մի փոքր անց լսել է նույն երաժշտությունը, ինչ մինչ այդ նվագել էր իր աշակերտը: Եկել տեսել են, որ ես եմ նվագում: Իմ առաջին քայլը դա է եղել, հասկացրել եմ, որ երաժշտություն շատ եմ սիրում:  

Առաջին քայլեր

5 տարեկան էի: Մայրիկիս զանգեցին,ասացին՝ մրցույթ կա, կոչվում է «Իմ անկախ պետությունը 5 տարեկան է»: Ուզում էին, որ մայրիկիս աշակերտուհին մասնակցի: Երբ նա վերջացրեց իր հեռախոսազրույցը, խնդրեցի, որ ես էլ մասնակցեմ: Շատ կարճ ժամանակահատվածում խոստացա պարապել, սովորել ծրագիրը: Լավ պարապեցի: Առաջին իսկ ելույթս բուռն արձագանքների արժանացավ: Այդ ժամանակ ծնողներիս խորհուրդ տվեցին, որ ավելի լուրջ զբաղվեմ երաժշտությամբ:

Սկսել եմ քանոն նվագելով, ընթացքում ջութակ եմ հասցրել ուսումնասիրել: Մինչ այսօր թե՛ քանոն, թե՛ դաշնամուր եմ նվագում: Ճիշտ է, դաշնամուրին ավելի շատ ժամանակ եմ հատկացնում: Դաշնամուրի դեպքում հնարավորությունները մի փոքր այլ են: Քանոնն ինչ-որ չափով սահմանափակ հնարավորություններ ունի: Իսկ դաշնամուրի հնարավորություններն ավելի մեծ են:

Նախագահի մրցանակ

Արժանացել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակին: Նախագահի մրցանակին ենք արժանացել մեր տրիոյով:Ավելի վաղ նախագահի մրցանակի մրցույթին մասնակցել էի՝ նվագակցելով սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանին, դրանից մի քանի տարի անց էլ ընկերներով՝ Վիգեն Հարությունյանի (ֆագոտ) և Ավետիք Ղազարյանի (կլարնետ) հետ որոշեցինք տրիոյով մասնակցել: Միտքը, որ երբևէ տրիո չէր հաղթել մրցույթում, հետաքրքիր էր, ոգևորող: Բացի այդ, մրցույթին երբևէ այդպիսի կազմ էլ չէր մասնակցել: Եթե դաշնամուրային տրիո է հանդես գալիս, սովորաբար կազմը հետևյալն է լինում՝ ջութակ-թավջութակ-դաշնամուր , իսկ մեր դեպքում՝ դաշնամուր-ֆագոտ-կլարնետ էր: Երեք գործիքների համար շատ քիչ ստեղծագործություններ կան, մենք նաև փոխադրումներ էինք կատարել… Որոշել ենք, որ տրիոն կշարունակի իր կյանքը, անուն կունենա, հետագայում նաև համերգներով հանդես կգա Հայաստանում: Մեր ժամանակակից կոմպոզիտորները ցանկություն ունեն հենց մեր տրիոյի համար գրել երաժշտություն:

Տարատեսակ համագործակցություններ

Մեծ կոլեկտիվներից համագործակցում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, առաջարկներ են լինում մասնակցելու համերգներին: Հիմա մեծ նախագծեր եմ պատրաստում իմ շատ մտերիմ ընկերների հետ: Օրինակ, սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանի  հետ հիմա աշխատելու ենք մի քանի լուրջ նախագծերի շուրջ: Մենք ճանաչում ենք իրար 2001 թվականից, համերգների, փառատոնների, մրցույթների ժամանակ գրեթե միշտ միասին ենք ելույթ ունեցել:

Շուտով համերգներով հանդես ենք գալու հայ և օտարերկրյա հանդիսատեսի առջև: Սեպտեմբերին նախատեսվում է մեր առաջին համերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում, կհնչեն հայ և արտասահմանցի կոմպոզիտորների գործեր: Շատ հետաքրքիր համերգ է ստացվելու, բայց դեռ շատ փակագծեր չեմ բացի:

Ժամանակակից երաժշտություն

Արդեն երկար տարիներ համագործակցում եմ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ,  այնտեղ տարին 2-3 անգամ անցկացվում է հայ ժամանակակից կոմպոզիտորների մեծ փառատոն, որտեղ ներկայացվում են տարբեր ժանրի ստեղծագործություններ: Միշտ դիմում են, որ մասնակցեմ  համերգներին, և ես մեծ սիրով ներկայացնում եմ հայ ժամանակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Ժամանակակից երաժշտության հետ կապված մի դիտարկում անեմ: Կան ստեղծագործություններ, որ երբ նվագում ես, ուզում ես հասկանալ՝ ինչի համար է սա գրվել: Կոմպոզիտորները փորձում են ինչ-որ նոր բաներ բացահայտել, նոր բաներ ներկայացնել: Բայց, կարծում եմ, որ ամեն ինչ ներկայացված է: Այն, ինչ ստեղծել են մեծերը, գերազանցել ուղղակի անհնար է: Մյուս կողմից՝ կարող եմ ուրախությամբ նշել, որ կան կոմպոզիտորներ, որոնք իսկապես լավ երաժշտություն են ստեղծում:

Սիրած կոմպոզիտորներ

Սիրում եմ բոլոր կոմպոզիտորներին՝ սկսած դասականներից մինչև մեր օրերում ստեղծագործող ցանկացած կոմպոզիտորի: Բոլորի ստեղծագործություններում միշտ փորձում եմ գտնել հետաքրքիր բան, որը կկարողանամ մատուցել իմ հանդիսատեսին: Միշտ փորձում եմ այնպես անել, որ լսողը ցանկանա ևս մեկ անգամ անդրադառնալ այդ գործին:

Իմ երկացանկը բազմազան է: Կատարում եմ դասական, ժողովրդական, ջազ, փոփ, ժամանակակից կոմպոզիտորների գործեր.  սկսած Սկարլատիից մինչև մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչում են իմ կատարմամբ:

Մանկավարժական գործունեություն

Դասավանդում եմ Երևանի Բ. Կանաչյանի անվ. թիվ 17 արվեստի դպրոցում, ունեմ նաև ուսանողներ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում: Զուգահեռ աշխատում եմ Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:

Երեխաների հետ աշխատելը հաճույք է: Ինչքան դու ես սովորեցնում, կրկնակի այդքան սովորում ես նրանցից: Նրանց հետ աշխատելը հետաքրքիր է:

Չգնահատված լինելու խնդիր

Ամենամեծ խնդիրը Հայաստանում միշտ եղել է այն, որ շատ հաճախ գնահատված չես լինում: Գործում է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը: Սա կարծրատիպ չէ, բայց ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս ամենը կվերանա:

Նշեմ, որ ինքս ամեն ինչով փորձում եմ աջակցել իմ աշակերտներին, փորձում եմ նրանց առաջ տանել: Շատ կարևոր է, որ օգնություն ցուցաբերվի տաղանդավոր երեխաներին: Պետք է նրանց ամեն ինչով աջակցել առաջ գնալու հարցում:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]