Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Իրանը հայտնել է Սիրիայից հեռանալու պայմանները  


ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կփոքրացնի ներկայությունը Սիրիայում կամ ընդհանրապես կլքի այն, եթե իրավիճակը կայունանա, իսկ ահաբեկիչների հետ պայքարը մոտենա ավարտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Pana» գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Մենք կմնանք այդ երկրում, քանի դեռ Սիրիայի կառավարությունը ցանկանա: Սիրիական կառավարության խնդրանքից բացի մեր կարևոր խնդիրը նաև ահաբեկիչների դեմ պայքարն է: Երբ մենք զգանք, որ Սիրիան մոտ է հարաբերական կայունությանը, իսկ ահաբեկիչների դեմ պայքարը մոտենում է ավարտին և տեսանելի արդյունքներ են գրանցված, մենք անպայման կարող ենք փոքրացնել մեր ներկայացվածությունը Սիրիայում կամ ընդհանրապես հեռանալ»,- «ՌԻԱ-Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է Քասեմին:

Հայտարարության տեքստը առկա է Իրանի ԱԳՆ կայքում:

Հունիսի կեսերին Իրանի առաջնորդ Ալի Խամենիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը կպահպանի ներկայությունը Սիրայում, հակառակ դեպքում ահաբեկիչները կվերսկսեն ակտիվ գործողությունները: Վելայաթին նշել է, որ իրանական զորքերը Սիրիայում են պաշտոնական Դամասկոսի խնդրանքով, և, որ այլ երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս հանելու պահանջներն անտեղի են: Բացի այդ, նրա խոսքով` Իրանի ներկայացվածությունը Սիրիայում Իսրայելի հետ ոչ մի առնչություն չունի:

Իսրայելի իշխանությունները բազմիցս անհանգստություն են հայտնել Սիրիայում իրանական զորքի գտնվելու խնդրով, որովհետև կարծում են, որ դրանք Իսրայելի համար վտանգ են ներկայացնում: Իսրայելը նաև զգուշացրել է հնարավոր կանխարգելիչ քայլեր իրականացնելու մասին այն դեպքում, եթե իրանական զորքերը փորձեն ամրապնդվել Իսրայելի սահմանի մոտ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ