1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատի գագաթը նման է Սուրբ Ծննդյան առավոտվա. «Արմենպրես»-ի թղթակիցը հուշագրել է իր վերելքը

Արարատի գագաթը նման է Սուրբ Ծննդյան առավոտվա. «Արմենպրես»-ի թղթակիցը 
հուշագրել է իր վերելքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության մարզական թղթակից Վարվառա Հայրապետյանն արշավախմբի հետ հուլիսի 18-ին նվաճել է Արարատի գագաթը: Վարվառա Հայրապետյանն իր հուշագրությունում ներկայացրել է վերելքի հետ կապված զգացողությունները, դժվարությունները և գագաթը նվաճելու բերկրանքը:

Իմ իրականության մեջ ամեն ինչ սկսվել էր շատ ավելի վաղ՝ քան կես տարին կամ մեկ տարին: Ամեն ինչ սկսվել էր 1992 թվականի հունվարյան մի մառախլապատ կեսօրի, երբ դիպուկահարի գնդակից Արցախյան գոյամարտում դադարեց բաբախել հորս սիրտը: Պարզ, շիտակ, անկեղծ և քչախոս մարդ էր, ահա այն, ինչն ամենաշատը լսում եմ նրա մասին, որովհետև Աստված չէր ուզել, որ մենք գոնե մեկ անգամ միմյանց տեսնելու հնարավորություն և առիթ ունենայինք: Ես ծնվել էի պատերազմի այն շրջանում, երբ ամենքի ուշադրության կենտրոնում Արցախն ազերիներից ազատելն էր, և հայրս էլ, մայրս էլ իրենց ամբողջ էությամբ նվիրվել էին այդ գործին: Իմ ծննդից 6 ամիս անց Աստված տարավ նրան, ինձ թողնելով միայն նրա մասին պատմվող պատմությունները:

Հայրս մեծ երազանք ուներ, այն երազանքներից, որոնց հետևից գնում են անպայման, բայց ժամանակը չթողեց նրան նվաճելու իր երազած բարձունքը՝ Արարատի գագաթը:

Տարիներ շարունակ նայում ենք Արարատին և լցվում նրանով, բայց քչերս ենք, որ նվաճում ենք այն: Ես դա արեցի ի հիշատակ հորս:

Հիմա էլ նշանակություն և արժեք չունի, թե որքան դժվարին նախապատրաստական փուլ անցա ես: Մի բան էր միայն, որ պտտվում էր գլխումս՝ ուզում ես՝ կանես, վերջացավ:

Երևանյան հասարակ մի գիշեր էր հուլիսի 14-ի գիշերը մայրաքաղաքի բնակիչների համար, բայց ոչ մեզ՝ 16-իս համար, ովքեր «գիշերվա հազարին» պայմանավորված տեղում էինք: Մեզնից ոմանք նույնիսկ մեկ ժամ շուտ էին եկել… իսկ ոմանք նույնիսկ չէին էլ քնել՝ վայրկյանները հաշվելով: Երկար ամիսներ, շաբաթներ շարունակ մենք սպասել էինք այդ պահին՝ գնում ենք Արևմտյան Հայաստան, որտեղ մեզ էր սպասում Արարատը: Մեր խմբից շատերը խոստովանում էին, որ այս ընթացքում նույնիսկ խոսել են Արարատի հետ, երբ նայել են գագաթին:

Գնում էինք երազանքի հետևից, գնում էինք այդ պահին անիրական թվացող մի բանի հետևից: Բայց երբ տեղավորվեինք մեր իրերը, մենք էլ նստեցինք մեր տեղերում և մեքենան շարժվեց՝ անիրական երազանքն ավելի մոտ թվաց:

Հայաստանից Վրաստան, որտեղից էլ Թուրքիա: Անցանք բոլոր սահմանապահների մոտով, անցանք բոլոր անձնագրային ստուգումները: Մինչ Բայազետ հասնելը տեսանք Անին: Մեր հազար ու մի եկեղեցիների մայրաքաղաքում մի կանգուն մնացած  ամբողջական եկեղեցի չկար, չտեսանք: Կիսախարխուլ կառույցներ, որոնք ինձ համար որ եկեղեցի չէին. այդ կառույցներում թուրքերեն խոսող երեխաներ էին, որոնք անդադար ինքնանկարներ էին անում: Սա այն Անին չէր, որի մասին լսել էինք մեր ծնողներից, իսկ նրանք էլ իրենց մեծ տատերից և պապերից, սա մի ավերակ էր Հայաստանի և Թուրքիայի սահմանին: Եվ այս ամենի մեջ ամենատարօրինակն այն էր, որ դու սահմանին եզրից նայելով տեսնում էիր հակառակ կողմում ծածանվող Հայաստանի դրոշը, բայց գիտեիր, որ սա քո հողն է, պարզապես դու այստեղ տեր չես, հյուր ես, նայելու ես, թողնես, գնաս:

Բայազետ հասանք երեկոյան ժամին, և հյուրանոցի մեր համարներում տեղավորվելուց հետո առիթ ունեցանք մի պահ քայլելու քաղաքում: Այն տիպիկ արևելյան քաղաք էր, որտեղ ապրում էին ավելի շատ քրդեր: Գյուղաքաղաք, որտեղ բնակիչները իրենց օրվա հացի փողը վաստակում էին առևտրով:

Հաջորդ օրն առավոտյան գնացինք դեպի Բիբլիական Արարատը, որն, ի դեպ, հակառակ կողմից, կամ Թուրքիայի կողմից, ինչպես կուզեք անվանեք, բնավ էլ այնքան վեհ, հպարտ, նվիրական չէ: Այն ավելի շատ սառն է,Agri դառը: Հենց այդպես էլ թուրքերը կոչում են մեր Արարատը՝ «Դառը» (Ağrı Dağı): Առաջին հայացքից Արարատը բարի չի թվում ձեզ՝ խիստ է, պահանջկոտ և նաև, կարծես, ասելիս լինի, որ ամեն մարդ չէ որ կկարողանա հասնել մինչև գագաթ:

Մեքենաներով հասանք մինչև 2200 մետր ստորոտային հատված և սկսեցինք վերելքը: Երբ սկսեցինք քայլել, եղանակը բաց էր, սակայն թիկունքից եկող ամպերը հաստատ անախորժություններ էին խոստանում: Մի քանի ժամ քայլեցինք, որի ընթացքում հասցրեց մի փոքր անձրևել, և արևն էլ շողաց:

Արարատի առաջին ճամբարը 3366 մետրի վրա է: Ոչ շատ քարքարոտ, բայց նաև առանց մարգագետինների: Հասնելուն պես խմբի հիմնական մասը սկսեց խփել վրանները, իսկ մյուս մասը փորձում էր հարմարվել տեղանքին, իսկ ես նկարում էի ամեն ինչ: Խփեցինք վրանները, որոնք 8-ն էին, և յուրաքանչյուրում մնացինք երկուական հոգով: Իմ բախտը բերեց այդ հարցում՝ լավագույններից մեկն էր մնալու վրանում և գումարած դրան՝ բժիշկ: Հերթը հասավ նաև ուտելուն… ոչ մեծ վրանում, որտեղ 16 մարդ նստեց միմյանց գրեթե գրկած, բայց ցուրտն արդեն վրա էր տվել, և մենք բնավ էլ դեմ չէինք միմյանցից եկող տաքությանը: Ինչ ենք ուտելու. քրդերը, ովքեր այդ ճամբարի պատասխանատուներն էին, մեզ համար գառ էին մորթել, բացի այդ կար նաև լոլիկ, վարունգ և տաք ջրիկ ճաշ: Անսովոր էին ուտելիքները, բայց կերանք առանց իսկ աչքերս թարթելու, քանի որ լավ հոգնած էինք, և գիտեինք, որ հաջորդ օրվա համար ուժ է պետք հավաքել: Այ, ամենադժվարը վրանում քնելուն հարմարվելն է: Դու քնում ես քնապարկի մեջ, որը կարիմատ կոչվողի վրա է փռված: Դե, եկել ես՝ փորձիր քնել: Աջ ես պտտվում, ձախ, փորձում ես հարմարվել մեջքի վրա, բայց մինևնույնն է, քո քնելու դիրքը չես գտնում: Չեմ էլ հիշում ինչպես եմ քնել, բայց հիշում եմ, որ գիշերը լսում էի քամու ուժեղ խաղը, և  սելավի պես թափվող անձրևի ձայնը: Առավոտյան այդ անձրևից հետք անգամ չկար: Հաջորդ առավոտյան ես նշեցի ծննդյանս ամենատարօրինակ, ամենասպասված, ամենաուրախ օրը: Ամեն մահկանացու չէ, որ բախտ ունի ծննդյան առավոտը լինել Արարատի փեշերին: Առավել ևս, որ խմբի անդամները անակնկալ նվեր ունեին ինձ համար:

Հավաքեցինք վրաններն ու մեր իրերը և ուղևորվեցինք դեպի երկրորդ ճամբար:  Առավոտ էր, ոչինչ չնախազգուշացնող առավոտ: Բայց այն, ինչ որ մեզ սպասում էր այս վերելքի ժամանակ, չես անվանի արկած: 3366 մետրից մինչև 4150 մետրը բարձրացանք սարսափելի անձրևի տակ, այդ ամենի հետ մեկտեղ նաև քամին չէր դադարում: Երբ հասանք երկրորդ ճամբար, արդեն ամբողջովին թրջված էինք, հետո պարզվեց, որ ձիերը, որոնք պետք է բերեին մեր իրերը, դեռևս չեն հասել երկրորդ ճամբար: Ստիպված էինք սպասել՝ պատսպարվելով մի վրանի տակ, որն ուր որ է կփլվեր…

Երկրորդ ճամբարից արդեն տեսանելի էր Արարատի գագաթը, տպավորություն կար, որ ափդ մեկնելու չափ մոտ է, բայց՝ ոչ: Եկան ձիերը, և պետք է խփեինք մեր վրանները, բայց որտեղ, երբ ամենուր հսկայական մեծ քարեր են: Ինչևէ, ամեն մեկս մեզ համար մի անկյուն գտանք, խփեցինք վրանները և գնացինք հաց ուտելու, քանի որ, ըստ պլանավորածի, պետք է շուտ պառկեինք քնելու, որ կեսգիշերն անց սկսեինք վերելքը:

Երբ ցուրտը, քամին, խոնավությունը հասնում են մինչև ոսկորներդ, դու ընդունակ չես անգամ ուղիղ պառկելու, ուր մնաց՝ քնելը: Ցուրտն այն աստիճանի էր սաստկանում, որ ոտքերիդ թաթերը  շարժել չես կարողանում, ստիպված ես ձեռքիդ ափերով տաքացնել, որ արյան շրջանառությունը մի փոքր արագանա, հետո գոնե կարողանաս մի քիչ քնել: Բայց այդ ժամանակ օգնության են հասնում այն շորերը, որոնք, ըստ նախնական հրահանգի, պետք է հագնեինք գագաթի վերելքի ժամանակ: Հագնում ես դրանք և պառկում՝ երազելով գոնե 30 րոպե քնելու մասին, բայց՝ ոչ: Քնել չի ստացվում: Եվ վրանի մեջ քո միակ փրկությունը կամ տաքության աղբյուրը «սենյակակցիդ» մեջքն է, որի աշխարհի ոսկիների արժեքն ունի այդտեղ:

Մենք պետք է գագաթի վերելքը սկսեցինք կեսգիշերն անց, բայց եղանակային պայմանների պատճառով հետաձգվեց հաջորդ օրն առավոտյան, իսկ առավոտյան՝ կեսօրին: Հուլիսի 17-ին կեսօրն անց սկսեցինք վերելքը: Եղանակային պայմանները պարզապես սարսափելի էին: Այն նույն փոթորկի մեջ ընկանք, որոնք սովորաբար տեսնում էինք լեռնագնացների մասին Հոլիվուդի ֆիլմերում: Եվ երբ գագաթից 200 մետրի վրա էինք, ստիպված էինք հետ իջնել, այլապես կարող էինք վտանգել խմբի բոլոր անդամների կյանքը: Հիասթափված էինք, ոմանք նույնիսկ կոտրվել էին: Խոսք եղավ, որ մի քանիսը չեն ուզում երկրորդ փորձով բարձրանալ: Բայց անհնար է, որ հայ լինես, հասնես Արարատ և չբարձրանաս… Խմբի անդամներից ոմանք մեծ կամքի ուժ ունեցան կրկին փորձելու նվաճել Արարատը, նույն օդի ճնշման տատանման արդյունքում առաջացած սրտխառնոցի, գլխապտույտներից հետո: Մենք գիտեինք՝ հեշտ չի լինելու, բայց նաև գիտեինք, որ միմյանց կողքին կանգնած են մարդիկ, ովքեր ամեն պահի կօգնեն քեզ: Ահա թե ինչն էր, որ մեզ ուժ տվեց երկրորդ փորձով Արարատի գագաթին հասնելու…

Հարկավոր էր 2-3 ժամ հանգստից հետո կեսգիշեր անց՝ ժամը 3-ին կրկին սկսել վերելքը: Եվ մեզնից յուրաքանչյուրը, ով արթնացավ այդ ժամին, առաջին գործը որ արեց, վրանից դուրս նայելը և եղանակային պայմանները ստուգելն էր: Երկինքը բաց էր, ինչպես արարման առաջին օրը, գագաթը երևում էր՝ դեպի իրեն կանչող լազուրի պես:

Վերելքը սկսեցինք 3-ին և մեր դանդաղ, վստահ քայլերով գնացինք գագաթը: Լուսաբացը Արարատի վրա նման էր Սուրբ Ծննդյան առավոտվան՝ ջինջ է, նոր լույսով, հույսով և հավատով լեցուն: Հորիզոնում երևացող արևը այն մեծ ժպիտն էր, որ կարծես պակասում էր մեզ վերելքի համար: Սակայն ամեն ինչ գնալով առավել դժվար, ծանր, անհաղթահարելի էր թվում, քանի որ դու իսկապես անզոր էր բնության դեմ, երբ շնչելու օդը գնալով պակասում է, իսկ գլխուղեղդ քիչ սնուցում է ստանում: Մենք գնում էինք՝ ամեն արած քայլի, ամեն հաղթահարած մետրի համար անմարդկային ջանքեր թափելով, բայց  չէինք կանգնում… Հանգստի համար նախատեսված մի քանի րոպեն դարի չափ արժեք ուներ:

Տառապանքի, համառության, անպարտելի ոգու շնորհիվ առավոտյան ժամը 8:45-ին երազելի գագաթը նվաճված էր: Դժվար էր, բայց մեր խմբի համար գագաթը միայն Արարատի գագաթը չէր, այն նաև Էլբրուս էր, Կիլիմանջարո, աշխարհի բոլոր գագաթներն էին… բայց այդ գագաթը մեր հավատքի անկոտրումության նվաճված գագաթն էր: Գագաթին հասնելու պահին հստակ էր մի բան՝ ոչինչ այլևս հինը չի լինելու: Ամեն ինչ նոր է, ինչպես Արարատի գագաթի ձյունը, և կամքը, որ մեզ հասցրել էր մինչև գագաթը, պիտի ուղեկցի մեզ ամբողջ կյանքում:

30 րոպե, ահա մոտ այսքան մնացինք գագաթին, հասցրեցինք բազմաթիվ անգամ լուսանկարվել, ծածանել Հայաստանի փառապանծ Եռագույն դրոշը, գագաթի ձյան մեջ լվանալ «Արարատ» հայկական կոնյակի շիշը, որ պետք է բացվի բացառիկ առիթի դեպքում: Գագաթը բաց էր, և այնտեղ հստակորեն երևում էր Արագածն իր 4 գագաթներով, Արարատյան դաշտն իր կանաչածածկ տարածքով: Մեր ոտքերի տակ Հայաստանն էր: Այդ 30 րոպեները հավերժության արժեք ունեին մեզ համար, բայց անցան ակնթարթի պես:

Պետք էր հետ իջնել, քանի որ նույն օրվա ընթացքում պետք է իջնեինք 3 օրում բարձրացած ամբողջ սարը: Բայց մեզ ոչինչ այլևս չէի կանգնեցի, քանի որ մենք նվաճել էինք Արարատի գագաթը: Սակայն հոգնածությունը և շատ երկար քայլելը քիչ-քիչ ասում էին իրենցը, և մինչև ստորոտը տանող ճանապարհն անվերջանալի էր թվում…

Կեսգիշերին մոտ հասանք Բայազետ և քնեցինք մեր տաքուկ, հարմարավետ անկողնում, այդ իսկ պահից սկսած կարոտելով Արարատին, և ամեն ինչ՝ նրա հետ կապված:

Հիմա Արարատին նայելիս մենք մեզ ենք տեսնում, մեր հաղթած կամքն ենք տեսնում, գագաթի անծայրածիր փայլի մեջ մարդկության անպարտելիությունն ենք տեսնում: Հիմա նայելիս մեծ կարոտ ենք տեսնում, մի մեծագույն կյանքի փորձ և սեր ենք տեսնում:

Երազեք մեծ, երազեք ուժեղ, երազեք անսպառ, անուշ երազեք… 5165

 

Արարատը նվաճած Վարվառա Հայրապետյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]