1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջութակն իր գունային հնչեղությամբ մյուս բոլոր գործիքներից բարձր է. Արմեն Ջենտերեջյան

Ջութակն իր գունային հնչեղությամբ մյուս բոլոր գործիքներից բարձր է. Արմեն 
Ջենտերեջյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն և Աշոտ Ջենտերեջյանների ջութակի ելևէջները տարիներ շարունակ դրական հույզեր են պարգևել ոչ միայն հայ, այլև օտարերկրացի երաժշտասերներին: Դուետը աշխարհով մեկ հնչեցրել է և՛ հայտնի ստեղծագործություններ, և՛ գործեր, որոնք ժամանակակից կոմպոզիտորները գրել են հատուկ նրանց համար ու նվիրել եղբայրներին: Երաժշտության և երկվորյակ եղբայրների դուետի գործունեության հիշարժան շրջանների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Արմեն Ջենտերեջյանի հետ:

-Ջութակն ամենատարածված մենակատարային գործիքներից է: Այդ հանգամանքը որևէ դեր խաղացե՞լ է ձեր ընտրության հարցում:

-Ջութակը նաև ամենատարածված նվագախմբային գործիքն է և՛ սիմֆոնիկ, և՛ կամերային նվագախմբերում, և՛ լարային կազմերում` կվարտետներ, տրիոներ, իմ և եղբորս պարագայում՝ դուետներ: Ջութակի մասին հիշողությունները, դրանից ստացածս տպավորությունները մանկուց են գալիս, քանի որ հայրս բավականին լավ էր նվագում ջութակ: Նա խոր ընկալում էր երաժշտությունը: Չնայած փոքր էի, բայց հասկանում էի նրա ասածները, հավանում էի նրա մեկնաբանությունները: Հորս խոսքերը մնացին, շերտավորվեցին և հետագայում շատ օգնեցին ինձ:

Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև կարծում եմ` կյանքում տղամարդու համար երկու կարևոր գործոն կա` մասնագիտությունը և ընտանիքը: Այդ հարցերում Աստված իմ հանդեպ բարեհաճ է եղել: Ամեն բանի հասել եմ աշխատանքով, հետևաբար, ինձ համար իմ ցանկացած ձեռքբերում թանկ է, հպարտության առիթ է:

-Երկար տարիներ դուետով հանդես եք եկել ձեր եղբոր` Աշոտ Ջենտերեջյանի հետ: Կպատմե՞ք այդ շրջանի մասին:

-Եղբորս հետ ընտրեցինք երաժշտասերներին երկու ջութակով ներկայանալու ճանապարհը: Դա մտածված կամ հատուկ ծրագրված չէր, մյուսներից տարբերվելու միտում չկար, բայց ցանկալի չէր ծեծված արահետներով գնալ: Հայտնի, շքեղ տրիոներ, կվարտետներ կան: Կոմիտասի անվան պետական լարային քառյակը պարզապես ֆանտաստիկ է. նրանք լեգենդներ են, նրանցից անընդհատ կարելի է սովորել, վերցնել ու վերցնել, բայց մենք նախընտրեցինք անել մի բան, ինչը դեռ ոչ ոք չէր արել:

Լավ էր այնքանով, որ կարծրատիպեր չկային: Մեր նվագացանկի 200, գուցե ավելի ստեղծագործություններից հավանաբար չորսը կամ հինգն էին հայտնի: Հաճախ կատարում էինք նաև օտարազգի կոմպոզիտորների աշխատանքներ, որոնք գրվել էին մեզ համար և նվիրվել մեզ: Եղել են դեպքեր, երբ շատ շնորհալի կոմպոզիտորների խնդրել ենք երկու ջութակի համար գործեր գրել, բայց նրանք ասել են, որ չեն լսում երկու ջութակի միաձուլումև, և չի հաջողվում գրել: Պետք է նշեմ, որ մեզ հայտնի  ժամանակակից լուրջ կոմպոզիտորական դպրոցներից ամենահարուստ ստեղծագործական բազան երկու ջութակի համար Հայաստանում է: Հետաքրքիր գործեր ունեն Նուբար Ասլանյանը, Էրիկ Հարությունյանը, Էմին Արիստակեսյանը, Էդվարդ Հայրապետյանը, Էդվարդ Սադոյանը և այլք:

Ասեմ, որ եղբորս հետ ունեցել ենք բազմաթիվ անհամաձայնություններ. շատ լուրջ տղա էր Աշոտը, շատ մեծ քաղաքացի էր, հայրենասեր, սկզբունքային մարդ…Ափսոս, վաղաժամ հեռացավ կյանքից…

-Ձեր և ձեր եղբոր ստեղծագործական կյանքի հատկապես ո՞ր փուլն է մեխվել ձեր հիշողության մեջ:

-Շատ տպավորիչ էր մեր դիպլոմային աշխատանքը հանձնելու շրջանը: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել իմ պրոֆեսորներին: Ոչ բոլորի հետ է հարթ  ընթացել աշխատանքը, մանավանդ այն տարիքում, երբ ուզում էի նվագել այս կամ այն կերպ, բայց պրոֆեսորն այլ տեսանկյուն էր առաջարկում նույն գործի վերաբերյալ: Բացառիկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել այն տարիներին Կոնսերվատորիայի կամերային ամբիոնի վարիչ Լևոն Մամիկոնյանին, քանի որ նրա աջակցությամբ Կոնսերվատորիան ավարտեցինք՝ Ս. Պրոկոֆևի բարդագույն սոնատներից մեկը կատարելով:

Մեր պրոֆեսորներից մեկն անգամ խորհուրդ տվեց ավելի դյուրին ստեղծագործություն ընտրել, բայց հաղթեց Լևոն Մամիկոնյանի նպատակասլացությունը, մեզ հետ աշխատանքը: Շաբաթը մեկ անգամ հանդիպում էինք Կոնսերվատորիայում և մեկ անգամ նրանց տանը: Այդ աշխատանքը հանգեցրեց Սոնատի փայլուն կատարմանը:

ԽՍՀՄ բոլոր կոնսերվատորիաների շրջանավարտների ծրագրերը Մոսկվայում պետք է հաստատվեին: Երբ Մոսկվայում տեսնում են, որ երկու հայ երիտասարդ ջութակի դուետով են հանդես գալու և ներկայացնելու են Պրոկոֆև, զարմանում են: Ուստի մեր դիպլոմային աշխատանքի հանձնաժողովի նախագահ են նշանակում Գայանե Մաչուտաձեին: Նա հայտնի դաշնակահարուհի էր, Պրոկոֆևի ուսանողուհին և կոմպոզիտորի գործերի լավագույն գիտակներից մեկը:

Սպիտակած մազերով շատ գեղեցիկ տիկին էր:  Հրապուրված նայեց երկու իրար նման երիտասարդներիս` ինձ ու եղբորս: Երբ սկսեցինք նվագել, նա հանեց ակնոցը, գլուխն առավ ձեռքերի մեջ: Նվագի ավարտից հետո մոտեցավ մեզ, գրկեց, համբուրեց և ասաց որ այդ տարիքում այդպես Պրոկոֆև մեկնաբանելը բավականին լավ է:

-Եթե չեմ սխալվում, հիմնականում դասական ստեղծագործություններ եք ներկայացրել: Ի՞նչ եք կարծում, ջութակը կարո՞ղ է նույնչափ գրավիչ լինել այլ երաժշտական ուղղություններում:

-Ջութակը կատարելության հասցված գործիք է, ֆանտաստիկ է այն: Տարբեր են կատարման ոճերը: Չմոռանանք, որ ռումինա-գնչուական շրջանակում ջութակը ժողովրդական գործիք է համարվում, ինչպես, օրինակ, քամանչան, թառը Հայաստանում: Ջութակն իր գունային հնչեղությամբ մյուս բոլոր գործիքներից բարձր է:

-Ասում են` միայն երաժշտությունն է կարող բնավորություն ձևավորել: Համամի՞տ եք:

-Ըստ իս` բոլոր մասնագիտություններն էլ իրենց ազդեցությունն են ունենում բնավորության ձևավորման, հղկման վրա:

-Պարոն Ջենտերեջյան, տարիներ շարունակ պարբերաբար մեկնում եք Հալեպ, վերադառնում Հայաստան: Ի՞նչ գործունեություն եք ծավալում այնտեղ:

- Հայաստանում Համազգային հայ կրթական և մշակութային միություն կար, որը ղեկավարում էին Ռազմիկ Դավոյանը և Լիլիթ Գալստյանը: 2004-ին Լիլիթն ինձ զանգահարեց և ասաց, որ Հալեպի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցը տնօրենի կարիք ունի: Նա խնդրեց ինձ մտածել, թե ո՞վ է կարող ստանձնել տնօրենի պարտականությունները: Չգտանք համապատասխան ոչ ոքի: Ի վերջո, ես մեկնեցի Հալեպ: Բոլորին շատ լավ գիտեի, քանի որ բազմիցս համերգներ էի ունեցել այնտեղ: Ինձ լավ ընդունեցին, և սկսեցինք աշխատել: Բացառիկ հարգանքով էին վերաբերում ինձ:

2011-ի դեկտեմբերի 27-ին Հալեպում շատ ծանր էր քաղաքական իրավիճակը, և ինձ խնդրեցին իմ իսկ ապահովության համար վերադառնալ Հայաստան: Իհարկե, կապը երեխաների հետ պահպանում էի: Այդ ժամանակ Աշոտը Լիբանանի Բարսեղ Կանաչյանի անվան քոլեջում էր աշխատում: Ուսումնարանական կրթահամալիր է և Սփյուռքի միակ երաժշտական թերի-բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Հալեպի և Բեյրութի վերոնշյալ դպրոցներում հիմնականում հայ երեխաներ են սովորում և արաբ քրիստոնյաներ: Որոշ ժամանակ աշխատեցի նաև այնտեղ: Ներկայումս կապը պահպանում եմ երկու հաստատությունների հետ էլ, բայց ոչ որպես տնօրեն:

-Ինչո՞վ եք զբաղված այսօր և ի՞նչ ծրագրեր ունեք հեռանկարում:

-Ցավոք, եղբորս կորցնելուց հետո իմ ծրագրերի մի մասը կիսատ մնաց: Այժմ չեմ նվագում… Հայաստանում մի փոքր անգործության եմ ինձ մատնել, և այդ իրավիճակն ինձ բնավ դուր չի գալիս, սակայն անհամբեր սպասում եմ սեպտեմբերին, որ մեկնեմ Հալեպ ու սկսեմ բուռն աշխատանքային գործունեությունս: Փաստեմ, որ այս ընթացքում և՛ Բեյրութի, և՛ Հալեպի երեխաների հետ շարունակում եմ պարապել տեսազանգերի միջոցով:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]