Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱրՊՀ-ի ուսանողները մասնակցում են մի շարք միջազգային ծրագրերի

ԱրՊՀ-ի ուսանողները մասնակցում են մի շարք միջազգային ծրագրերի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննաշրջանից հետո՝ ամռան ընթացքում ևս Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) ուսանողները մասնակցում են միջազգային տարբեր ծրագրերի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ շուտով Արցախի պետական համալսարանի ուսանող-իրավագետները կմասնակցեն Նյուրնբերգյան ամենամյա դատախաղին, որը տեղի կունենա Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Այս միջազգային ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների համալսարանների ուսանողներ:

«Այսօր գիտելիք ստանալու հնարավորություններն անսահմանափակ են: Ուսանողին գիտելիք տալու համար մենք կիրառում ենք նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափը: Քննաշրջանից հետո էլ փորձում ենք մեր ուսանողների համար առօրյան դարձնել հագեցած և արդյունավետ»,- նշեց ԱրՊՀ-ի ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Այս տարի առաջին անգամ Արցախում կազմակերպվեց «ԱրՊՀ-2018» ամառային միջազգային ճամբարը, որը հագեցած էր գիտակրթական, ճանաչողական, մարզամշակութային և այլ ծրագրերով: Ճամբարին մասնակցել են ուսանողներ ոչ միայն Արցախի պետական համալսարանից, այլ նաև ՀՀ և արտերկրի բուհերից:

Ճամբարում դասախոսություններով հանդես են եկել մասնագետներ նաև արտերկրից: Կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ, բանավեճեր, ճանաչողական էքսկուրսիաներ դեպի ԱՀ պատմամշակութային կոթողներ:

ԱրՊՀ-ի ուսանողները մասնակցում են նաև ՀՀ և արտերկրի գործընկեր բուհերի կողմից իրականացվող ծրագրերին: ԱրՊՀ իրավագիտության մասնագիտության երկու ուսանող հուլիսի 2-6-ը մասնակցել են ՌԴ Սվերդլովսկի մարզկենտրոն Եկատերինբուրգում անցկացված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-րդ տարեդարձը. արդի մարտահրավերներ և ժառանգություն» խորագրով մարդու իրավունքների 6-րդ ամառային դպրոցին:

Այս տարի համալսարանի ուսանողուհիներից մեկը Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում մասնակցել է նաև «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին, որը հագեցած է եղել հետաքրքիր դասերով, ակտիվ գործնական աշխատանքներով:

Ամեն տարի ուսանողները մասնակցում են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպվող «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին: Իսկ ՀՊՏՀ-ԱրՊՀ համագործակցության շրջանակում ամեն տարի ուսանողները իրենց  ամառային հանգիստն են վայելում Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում:

Ռեկտոր Մանուշ Մինասյանի հավաստմամբ՝ ԱրՊՀ-ն տարեցտարի ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, և սա, բնականաբար, իր դրական ազդեցությունն է ունենում ուսուցման որակի և արդյունավետության բարձրացման վրա:

ԱրՊՀ-ից տեղեկացնում են նաև, որ համալսարանի 1-ին մասնաշենքի հիմնանորոգումը, նախնական պայմանավորվածության համաձայն, կավարտվի երկու տարի անց: ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ շենքի վթարային մասը քանդվել և նորոգվելու է հիմնովին, մյուս մասում կլինեն ամրացումներ: Նախատեսվում է ժամանակակից պահանջներին համահունչ կառույց հանձնել համալսարանին: Ռեկտորի հավաստմամբ՝ ԱրՊՀ նոր մասնաշենքում կտեղավորվի 2-3 ֆակուլտետ, կգործի նաև գրադարան և ճաշարան:

Միլենա Մկրտչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]