Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրանից դեպի շուկա. 130 ստարտափ կատարելագործել է իր նորարար գաղափարը «Սևան ստարտափ սամմիթ-2018»-ի շրջանակում  

Վրանից դեպի շուկա. 130 ստարտափ կատարելագործել է իր նորարար գաղափարը 
«Սևան ստարտափ սամմիթ-2018»-ի շրջանակում

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանից, տասնյակ երկրներից արդեն որոշակի ճանապարհ անցած ու դեռևս գաղափարի փուլում գտնվող շուրջ 130 ստարտափ յոթ օր շարունակ Սևանի ափին կատարելագործել են իրենց ծրագիրն ու ներկայացել մասնագիտական ժյուրիին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն ավանդական դարձած «Սևան ստարտափ սամիթ»-ին մասնակցել է 35 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ ստարտափներ Իրանից, Վրաստանից, Հնդկաստանից, Պակիստանից, եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաև ներդրողներ սփյուռքից ու հայտնի վենչուրային կազմակերպություններից: Վրանային ավանում հանգրվանած թիմերին մենթորներից մեկն ասել է. «Եթե Սթիվ Ջոբսն իր բիզնեսը սկսեց ավտոտնակից, հիշեք՝ դուք այն սկսում եք վրանից»: «Սկզբնապես ստացված 800 դիմումից ընտրվել է 125 ստարտափ, որոնք բաժանվել են երկու թիմի՝ պայմանավորված, թե ստարտափը որ փուլում է գտնվում ու ինչքանով է պատրաստ ներդրումների: Դրանցից 100-ը որակվել են որպես սկսնակ (starter) ծրագիր, 25-ը՝ առաջմղված (booster): Մասնակիցները 4 օրում կրթական ծրագրերի են մասնակցել, հնարավորություն են ունեցել շփվելու ներդրողների, մենթորների, իրենց ոլորտի առաջատարների հետ, խորհրդատվություն են ստացել, որ իրենց ծրագիրն ավելի լավը դարձնեն: Վերջին երկու օրն արդեն առկա ծրագրերը ներկայացրել են ժյուրիի դատին»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «ԵՄ- ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության Սկսնակների ծրագրի իրականացման ասիստենտ Արուսյակ Խուդավերդյանը:

Նրա խոսքով՝ երկու խմբում էլ լավագույն գաղափարները ստացել են դրամական պարգևներ, որոնք կարող են ծառայեցնել իրենց գաղափարի առաջմղման համար: Բացի այդ՝ մասնակից ստարտափներն անմիջական հնարավորություն են ստացել մի շարք ներդրողներից ստանալու առաջարկներ հետագա համագործակցության համար։

«Մրցանակային ֆոնդն այնպես է բաշխված, որ ոչ թե մեկ թիմ ստանա ֆինանսավորում, այլ մի քանիսը: Ներդրողները իրենք են ստարտափներին առաջարկում տանել իրենց երկիր: Հայկական կազմակերպություններ էլ կան, որոնք շրջում ու գտնում են իրենց համար հետաքրքիր գաղափարներ, որոնց տալիս են հետագա աշխատանքի հնարավորություններ«,-հավելեց Արուսյակ Խուդավերդյանը:
Եվրոպական Միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհեր էլ նշեց՝ Եվրամիությունն աջակցում է «Սևան ստարտափ սամմիթ»-ին, քանի որ այստեղ հավաքվում են երիտասարդ ու թարմ ընկերություններ, որոնք մենթորների ու ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ փորձում են զարգացնել իրենց գաղափարները, այն դարձնել ավելի լավը։ «Այս սամմիթի շրջանակում մենք կենտրոնանում ենք մենթորության վրա, ունենք միջազգային փորձագետ՝ Չուսը, ով ղեկավարում է 25-հոգիանոց խորհրդատուների թիմը։ Հայաստանի բոլոր ստարտափները կարող էին դիմել ու մասնակցել այս միջոցառմանը: Սամմիթի շրջանակում մենք աշխատել ենք սկսնակ ստարտափների հետ, նրանցից ոմանց մենք գիտեինք վաղուց, քանի որ նրանք ներգրավված են եղել մեր նախկին ծրագրերում»,-ասաց Էվա Նեհերը: Նրա դիտարկմամբ, եթե նախորդ տարի «Սևան ստարտափ սամմիթ»-ին մեծամասնությունը տեղի թիմեր էին, այս տարի այն ավելի լայնացրել է աշխարհագրությունը՝ ապահովելով միջազգային ստարտափների մեծ ներգրավվածություն:

Միջազգային փորձագետ, ձեռնարկատեր, բիզնես հրեշտակ Խեսուս Լոզանոն (Չուս) ևս կարևոր համարեց հանգամանքը, որ այս տարի միջոցառմանը մասնակից թիմերի 40 տոկոսը արտասահմանից են: Ստարտափների շրջանում Չուս անունով առավել հայտնի մենթորը նշեց, որ աշխատաժողովների միջոցով բոլոր մասնակից ստարտափներին տվել են գիտելիքներ մարքեթինգի, վաճառքների, բիզնեսի վարման կարողությունների, գաղափարի միջազգայնացման վերաբերյալ՝ մեկ շաբաթ շարունակ առավոտից երեկո: «Մենք փորձում ենք այս ստարտափներին տալ հասանելիություն նոր գիտելիքներին, քանի որ նրանք գաղափարի փուլում են և այն զարգացնելու կարիք ունեն, կարիք ունեն խորհրդատվության, թե ինչպես գաղափարը լավ կառավարվող բիզնես-մոդել դարձնեն»,-հավելեց մասնագետը:

«Սևան ստարտափ սամմիթ-2018»-ին մասնակցություն ուներ նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որի բիզնես-հրեշտակների ցանցի անդամներն իրենց խորհուրդներով օգնել են սկսնակ թիմերին ու ընկերություններին:

Մեզ հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը նկատեց. «Մեր մասնակցության պատճառն այն է, որ «Սևան ստարտափ սամմիթը» համարում ենք մի հարթակ, որի միջոցով կարող ենք Հայաստանում իսկապես ընդլայնել ինչպես ստարտափների ստեղծման և կայացման կարողությունները, այնպես էլ ներդրումային հնարավորությունները: Միջավայրը բարենպաստ է դրա համար. Սևանի ափին մարդիկ ոչ ֆորմալ պայմաններում ծանոթություններ են հաստատում, ցանցեր ձևավորում: FAST-ն իր հերթին տալիս է հնարավորություն երիտասարդներին ստանալու գիտելիքների պաշար մեր բիզնես-հրեշտակների ցանցի միջոցով»:

Նա նշեց, որ Սևանում հանդիպել են մի քանի ստարտափների, որոնցով շատ հմայված են, դրանցից 5-ը հրավիրվել են մասնակցելու հրեշտակների ցանցի հետ հանդիպմանը: «Դրանք իսկապես շատ տպավորիչ ծրագրեր են՝ արհեստական բանականության, ռոբոտիկայի և այլ ոլորտներից: Այդ հինգ թիմերից մեկն էլ Շվեդիայից է: Մեզ գրավել են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի տղաների ու աղջիկների գաղափարները, նրանց մտածողության ձևը»,-տեղեկացրեց Արմեն Օրուջյանը: Բիզնես-հրեշտակների ցանցի հավանությանն արժանացող գաղափարները կարող են հավակնել 10-80 հազար դոլար ֆինանսավորման: Բացի այդ՝ հաղթող ստարտափները հրավիրվելու են FAST-ի ստարտափ ստուդիա՝ չորս ամիս անվճար հիմունքներով ստանալու ազատ տարածք և մենթորություն:

«Սևան ստարտափ սամմիթը» համակազմակերպվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական Միության «ԵՄ- ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Անի Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]