Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքագետը հակված չէ Քոչարյանին քաղհալածյալ անվանել, բայց տեղի ունեցողը դիտարկում է իշխանափոխության համատեքստում

Քաղաքագետը հակված չէ Քոչարյանին քաղհալածյալ անվանել, բայց տեղի ունեցողը 
դիտարկում է իշխանափոխության համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում է Հայաստանում իշխանափոխության համատեքստում: Լրագրողների հետ հանդիպմանը փորձագետը նկատեց, որ իշխանափոխության գործընթացը դեռ չի ավարտվել, այն իր շարունակական ընթացքի մեջ է:

 «Սա ակնհայտ իշխանափոխություն է, այսինքն՝ դեմքերի փոփոխություն իշխանությունում: Դրա իրականացման գործիքներից մեկն էլ այն ակնկալիքների բավարարումն է, որոնք կային մարդկանց մոտ մինչ այս ուժի իշխանության գալը: Խոսքը երբեմն գնում է պաշտոնյաների, նրանց բարեկամների մասին, բիզնեսմենների մասին, ովքեր պետք է փոխեն իրենց լոյալությունը կամ գոնե լոյալ չլինեն նախորդ իշխանություններին, ինչպես նաև խոսք է գնում խորհրդանիշների մասին: Ռոբերտ Քոչարյանը և այն է, և մյուսը: Հասարակական մակարդակում նա ընկալվում է որպես մինչ վերջերս գործող քաղաքական համակարգի հեղինակը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ասոցացվում է ՀՀԿ-ի իշխանության հետ, քանի որ հենց իր ղեկավարման տարիներին է այն եղել իշխող ուժ, բացի այդ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ համարվում է Քոչարյանի քաղաքականության շարունակողը: «Ռոբերտ Քոչարյանը ընկալվում է որպես մարդ, ով շատ բաներում է մեղավոր, այդ թվում՝ Մարտի մեկի համար, որը հասարակության լայն շրջանակներին անհանգստացնող թեմա է, քանի որ այն մինչև վերջ չբացահայտված հարց է: Մարդկանց հուզում է այն, թե իրականում ինչ է եղել»,-հավելեց Իսկանդարյանը:

Նա շեշտեց, որ ինքը երևույթները բացատրում է քաղաքական գործընթացների տեսանկյունից, ինչը որևէ կերպ կապված չէ նրա հետ, թե իրավական հարթությունում ով է ճիշտ, ով սխալ, ով է հանցանք գործել, ով՝ ոչ: Դա, ըստ Իսկանդարյանի, կորոշի դատարանը, բայց, այնուամենայնիվ, Սահմանադրությամբ նախագահներն ունեն իմունիտետ՝ «ոսկե իմունիտետ», որը դժվար է շրջանցել:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքագետը նշեց, որ այնքան էլ հակված չէ Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական հալածյալ դիտարկել, իսկ տեղի ունեցող գործընթացներն էլ՝ որպես հաշվեհարդար: Բայց այն, ինչ տեղի է ունենում, առաջին անգամ է և ընդունված ավանդույթ չէ Հայաստանի ներքաղաքական պատմության մեջ:

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Դատարանի որոշմամբ, սակայն, Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]