1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի խախտման հերթական դրսևորումը․ քաղաքագետի դիտարկումը

Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի խախտման հերթական դրսևորումը․ քաղաքագետի դիտարկումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից շուրջ երկու շաբաթ առաջ գերեվարված Հայաստանի քաղաքացի, սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ անորոշ: Գերեվարման օրվանից ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է Կ. Ղազարյանին ներկայացնել որպես հայ «դիվերսանտ»: Հայկական կողմը հերքելով այդ ապատեղեկատվությունը՝ հիմնավոր փաստեր է ներկայացրել, որ Կ. Ղազարյանը Բերդավան գյուղի բնակիչ է, և նա չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում: Ավելին՝ գերեվարված քաղաքացին ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Բոլոր այս փաստերը ներկայացվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին:

Կարեն Ղազարյանի գերեվարման դեպքի հետ կապված բավական մտահոգիչ է այն հանգամանքը, որ ադրբեջանական իշխանություններն արդեն շուրջ երկու շաբաթ խոչընդոտում են Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը նրան, ինչն, ըստ էության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Ըստ 1949 Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածի՝ պատերազմի ժամանակ «ներկալված քաղաքացիական անձը ձերբակալման պահից ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց պետք է հնարավորություն ստանա տեղեկացնել ընտանիքին իր ներկալման, առողջական վիճակի մասին: Տեղեկությունը պետք է ուղարկվի որքան հնարավոր է արագ, և դրանց տրամադրումը չի կարող ուշացվել որևէ ձևով: Կարեն Ղազարյանի դեպքում գերեվարումից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն ադրբեջանական իշխանությունները չեն ապահովում որևէ տեղեկություն ո՛չ նրա գտնվելու վայրի, ո՛չ առողջական վիճակի մասին:

Եթե Բաքուն չի կատարում Ժնևի կոնվենցիայի վերոնշյալ դրույթը՝ ելնելով Կարեն Ղազարյանի «դիվերսանտ» լինելու կեղծ թեզից, ապա անգամ ռազմագերիների համար նույն Ժնևի կոնվենցիան ունի սահմանված որոշակի ընթացակարգեր, որոնք ևս չեն պահպանվել: Մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 70-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ռազմագերի, գերության վերցնելու պահից կամ ճամբար հասնելուց հետո ամենաուշը մեկ շաբաթ անց, պետք է հնարավորություն ստանա իր ընտանիքին և տեղեկություն հաղորդել իրեն գերի վերցնելու և իր առողջական վիճակի:

Ըստ էության, Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտման հերթական դրսևորումն է, ինչը պետք է արժանանա նաև համարժեք գնահատականի թե՛ ՄԽ համանախագահների, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից: Հատկանշական է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ աջակցություն խնդրելով Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձն ապահովելու հարցում:

Միջազգային հանրության անտարբերությունը և ոչ համարժեք արձագանքը, ցավոք,  կարող է հանգեցնել հերթական ողբերգությանն, ինչի նախադեպերը քիչ չեն: Բավարար է թերևս հիշել գերության մեջ Ադրբեջանի կողմից կտտանքների ենթարկված ու սպանված Մանվել Սարիբեկյանին,  առանձնակի դաժանությամբ ու վայրագությամբ սպանված Կարեն Պետրոսյանին, գերությունից վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին, վերջինիս բարեկամ Արսեն Խոջոյանին, ով  վերադարձել է ակնհայտ խնդիրներով, ինչպես նաև այլ տուժածների: Բոլոր այս մարդիկ դարձել են ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրած հայատյաց քաղաքականության, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերության զոհ:  

Նարեկ Մինասյան

քաղաքագետ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]