Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 11-րդ բանակում ծրագրին մասնակցեց 1200 սփյուռքահայ պատանի

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 11-րդ բանակում ծրագրին մասնակցեց 1200 սփյուռքահայ պատանի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի և  «Պատվաբեր անցյալից հաղթական ապագա» խորագրով  11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 28-ին Բյուրականի բանակավայրում: Չորս տարին մեկ անգամ անցկացվող բանակումին մասնակցեց 1200 հայ երիտասարդ աշխարհի տարբեր ծագերից՝ ԱՄՆ-ից, Լիբանանից, Ֆրանսիայից, Անգլիայից, Բուլղարիայից, Շվեդիայից և այլ երկրներից: Հուլիսի 19-28-ը  տևած ծրագրի շրջանակում պատանիները մասնակցեցին բազմաթիվ մրցույթների, ծանոթացան սկաուտական կարգուկանոնին, սկաուտներին հայկական մշակույթին։

«Սա 11-րդ բանակումն է, որից չորսը կազմակերպվել է Հայաստանից դուրս մինչև 1990 թվականը, սակայն, 1994-ից սկսած, հաջորդ յոթը Հայաստանում են իրականացվել:  Կարծում եմ՝ տրամաբանական է, որ, եթե Հայաստանն անկախ է, ապա հոմենըթմենն իր բոլոր միջոցառումները պետք է կյանքի կոչի այստեղ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հոմենըթմենի կենտրոնական վարչության անդան Բագրատ Եսայանը:

Նա շեշտեց, որ 11 բանակումների ընթացքում համահայկական կառույցը մեծ զարգացում է ապրել. մեծացել է մասնակիցների թիվը: «Այս տարի 1200 պատանի է եկել: Դա հնարավոր չէր լինի, եթե Հայաստանն անկախ չլիներ, եթե չունենայինք այս բանակավայրը, որը ՀՀ տարբեր տարիներին գործող իշխանություններն են տրամադրել մեզ»,-ընդգծեց նա:

ՀՀ Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի խոսքով՝ նախարարությունը միշտ համագործակցել է ՀՄԸՄ-ի հետ: «Այս տարի մինչգերատեսչական հանձնախմբով ապահովել ենք բոլոր անհրաժեշտ  պայմանները ճամբարի համար:

Կոչ եմ անելու, որ բոլոր սկաուտները վերադառնան Հայաստան և մեր պետականության մաս կազմեն»,-ասաց փոխնախարարը և շեշտեց, որ նախկին հոմենըթմենական է և շատ կարևորեց հոմենըթմենի դերը Սփյուռքում՝ առաջին հերթին հենց հայապահպանության և սերունդների դաստիարակության գործում:

Լիբանանից Հայաստան ժամանած երիտասարդ Գարո Քալենդերյանը խոստովանեց՝ առաջին անգամը չէ, որ հայրենքում է, բայց ճամբարի մի մասը լինելը չափազանց հետաքրքիր է և ուսուցողական: «Այս օրերի ընթացքում տարբեր երկրների մասնակիցներն իրենց խաղարն էին ներկայացնում: Եղել են նաև մրցումներ: Մենք մագլցել ենք Արագած, եղել ենք Սարդարապատում, Ծիծեռնակաբերդում,  մի շարք այլ կարևոր նշանակություն ունեցող վայրերում: Շատ լավ եմ զգում ինձ այստեղ ու չորսը տարի հետո, եթե հնարավորություն ընձեռվի, անպայման կվերադառնամ»,-ասաց նա:

Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա ելույթը սկսեց աղոթքով, այնուհետև ասաց, որ այս տարի համազգային շուքով տոնախմբում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի  100-ամյակները: «Այդ առիթով մեկ տարի առաջ 2018 թվականը հռչակեցինք երիտասարդության տարի և հորդորեցինք մեր թեմական առաջնորդներին, մեր հոգևոր հովիվներին աշխարհասփյուռ, որպեսզի խրախուսեն, քաջալերեն հայ երիտասարդներին այցելել Հայաստան և զորանալ հայրենի մեր իրականությամբ, հաղորդ դառնալ մեր կյանքին, դրա հույսերին, դրա դժվարություններին, մարտահրավերներին և այս հրամայականների առջև ավելի ամրանալու հոգով ու զորանալու միասնականության մեջ: Վստահ եմ, որ այս բարձունքի վրա դուք զգում եք զորությունը հայոց հողի, ուժը հայոց լեռների և այս ճամբարումից հետո դուք պետք է վերադառնաք ձեր համայնքները՝ ավելի զորացած, ավելի հստակ պատկերացնելով ձեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում»,-շեշտեց Գարեգին Բ-ն:

Միջոցառումն անցկացվեց ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (Հ.Մ.Ը.Մ.) հիմնադրվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին Կոստանդնուպոլսում։ Կարգախոսն է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր»:  Հ.Մ.Ը.Մ.-ն կյանքի է կոչում մի շարք սկաուտական միջոցառռումներ։ Սկաուտական խմբերի մեծ մասն ընդգրկված է ազգային սկաուտական կազմակերպություններում։ Դրանցից որոշներն ունեն իրենց նվագախմբերը։ Սկաուտական ենթահանձնախմբի հիմնական նպատակն է դաստիարակել սկաուտներին հայրենասիրական ոգով, կերտել սկաուտին վայել բնավորություն, ծանոթացնել սկաուտական կարգուկանոնին, ինչպես նաև ավելի լավ ծանոթացնել սկաուտներին հայկական մշակույթին։ Սկաուտական ծրագրերը մշակվում և իրականացվում են Սկաուտական հանձնախմբի կողմից։ Վերջինս նշանակվում է Կենտրոնական վարչության կողմից։ Կազմակերպվում են նաև արշավներ, սկաուտիզմին և հայագիտական թեմաներին առնչվող գիտաժողովներ ու դասախոսություններ։ Դասախոսությունների ընթացքում բաժանվում են հայալեզու կրթական ձեռնարկներ։ Ծրագիրն ավարտելուց հետո սկաուտները հանձնում են համապատասխան քննություն և բարեհաջող ավարտելուց հետո ստանում վկայականներ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]