Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հաջորդ խորհրդարանում յուրաքանչյուր 3 պատգամավորից 1-ը կարող է կին լինել

Հաջորդ խորհրդարանում յուրաքանչյուր 3 պատգամավորից 1-ը կարող է կին լինել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովի պատգամավորների 33%-ը կլինեն կանայք: Հուլիսի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում այսպիսի որոշում կայացրեցին խորհրդարանական ուժերը: «Ելք»-ի ներկայացուցիչ Լենա Նազարյանի խոսքով` այսպես պետք է խթանել քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությունը:

«Առհասարակ, կանանց համար դժվար է մասնակցել բոլոր պրոցեսներին, որովհետև այդ ամբողջ գործընթացը ենթադրում է ռեսուրս, էներգիա, ժամանակ, հանրային աջակցություն։ Այս հանգամանքները հաշվի առնելով, կարծում եմ, բոլոր կուսակցություններում էլ կանայք քիչ են ու կուսակցությունները պետք է բավարար ջանք գործադրեն կանանց ներգրավվելու համար։ Այդ գործընթացին խթան կհանդիսանա նաև փակ ցուցակներով համամասնական ընտրակարգը, որովհետև կանայք ինչ-որ առումով երաշխիքներ կունենան ընտրություններում հաջողության հասնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Նազարյանը:

«Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ավելի շատ անհանգստացած է ոչ թե խորհրդարանում կանանց քանակի, այլ` որակի խնդրով:

«Ես` որպես կին քաղաքական գործիչ, կողմ եմ կանանց քվոտավորման թվի բարձրացմանը, բայց պատրա՞ստ են քաղաքական կուսակցությունները իրենց ցուցակներում ներգրավել այնպիսի կանանց, ովքեր ունակ են աշխատել խորհրդարանում: Պետք չէ, որ միայն քանակ ապահովելու համար ցուցակներում հայտնվեն այնպիսի կանայք, ովքեր տանջվելու են խորհրդարանում»,- ասաց Զոհրաբյանը:

Խորհրդարանական ուժերի քվեարկության արդյունքում որոշվեց կառավարություն ուղարկվելիք առաջարկների փաթեթում ներառել այն կետը, որ արտահերթ ընտրություններից հետո ԱԺ-ում յուրաքանչյուր 3 պատգամավորից մեկը պետք է լինի իգական սեռի ներկայացուցիչ:

Նիստի ընթացքում քննարկվող հաջորդ առաջարկը ստացվել էր արտախորհրդարանական ուժերի կողմից: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանի խոսքով` «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն առաջարկում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար նախատեսված պարտադիր գումարը նվազեցնել` 10 միլիոնից հասցնելով 5-ի:

«Այստեղ կարևորը գաղափարն է, ոչ թե գումարի չափը: Եթե կուսակցությունը ասելիք ունի, նրան չպետք է դրույքաչափը խանգարի»,- նշեց Բագրատյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանի խոսքով` գումարի իջեցումը պետք է լինի ողջամիտ սահմաններում, որպեսզի դրանից ոչ թե օգտվեն պատեհապաշտները, այլ այն չխանգարի փոքր կուսակցություններին` միայն բարձր գումարի չափի պատճառով չմասնակցել ընտրություններին:

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ գումարի մի մասը տրվում եմ ԿԸՀ-ին` ընտրությունների անցկացումն ապահովելու համար:

«Քանի որ գումար է տրվում նաև ԿԸՀ-ին, որպեսզի իրենց վատ վիճակի մեջ չդնենք, առաջարկում եմ զուգահեռ բարձրացնել նրանց տրվող գումարը։ Դրույքաչափը իջեցնենք 7.5 միլիոնի, իսկ ԿԸՀ-ին տրամադրվող գումարի չափը դարձնենք 40%»,- ասաց Հարությունյանը:

Խորհրդարանական ուժերը կողմ արտահայտվեցին նաև նախորդ նիստում Խոսրով Հարությունյանի ներկայացրած այն առաջարկին, որ ընտրություններից առաջ կուսակցություններն ու դաշինքները ցանկության դեպքում կարող են ներկայացնել իրենց ստվերային կառավարության կազմը: 4 ուժերի կողմից հաստատված այս բոլոր առաջարկները երեքշաբթի օրը կուղարկվեն կառավարություն, և, եթե մինչև երկուշաբթի երեկոյան ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խմբի կողմից նոր առաջարկություններ չլինեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]