Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի. ՊԵԿ նախագահը Դիլիջանի ուսկենտրոնի չարաշահումներում Գագիկ Խաչատրյանի առնչության մասին

Ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի. ՊԵԿ նախագահը Դիլիջանի 
ուսկենտրոնի չարաշահումներում Գագիկ Խաչատրյանի առնչության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի բացառում նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներգրավումը Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացներում տեղ գտած չարաշահումների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդուամենայնիվ ՊԵԿ նախագահը նկատեց, որ այդ մասին ինքը չէ, որ պետք է խոսի:

«Գագիկ Խաչատրյանը կարո՞ղ է այս գործում մասնակցություն ունենալ» հարցին ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց. «Կարող է ունենալ, բայց հիմա ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի: Քանի որ նրա օրոք է եղել (հեղ. - կենտրոնի շինարարությունը), հնարավոր է, որ նա (հեղ. - Գագիկ Խաչատրյանը) ևս ընդգրկվի այդ պրոցեսներում, բայց դա ես չպետք է որոշեմ, քննիչը պետք է որոշի»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, 2.3 միլիարդ դրամի գործարքների առնչությամբ այս պահին իրականացվում են քննչական գործողություններ: «Դատախազության կողմից ուսումնասիրության նյութերն ուղարկվել են մեր քննչական վարչություն: Խոսքը գնում է գնման ընթացակարգերի չպահպանման մասին»,- ավելացրեց պաշտոնյան:

Համաձայն ՊԵԿ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գին սահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու և հիմնավորումներ ներկայացնելու,  շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ միջոցով առանց փաստաթղթային ձևակերպման կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային և ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն, փոխարենը՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին» ՓԲԸ ընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց, կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձնման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր՝ այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա  ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մի շարք այլ հանցավոր արարքների առերևույթ առկայության վերաբերյալ:

2018 թվականի հուլիսի 24-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի,  314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]