Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Իրանը կարող է վիժեցնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ Նախիջևանում. իրանագետ


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը բացասաբար կազդի տարածաշրջանի վրա, բայց Հայաստանն այստեղ կունենա նաև առավելություններ ու նոր հնարավորություններ: Այս մասին հուլիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Եթե Միացյալ Նահանգները որոշի Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ապա մեր հարևան պետությունը կսկսի դրանց բեռը հաղթահարել Հայաստանի օգնությամբ, քանի որ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ մեր երկիրն Իրանի նկատմամբ միշտ լոյալություն է ցուցաբերել նման իրավիճակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Տոնոյանը:

Իրանագետը նաև մեզ համար երկու պետությունների միջև հարաբերությունների սրման բացասական կողմերն է նշում: Արտյոմ Տոնոյանի խոսքով` Իրանը նավթ արտահանող խոշորագույն երկրներից մեկն է ու այս իրավիճակում, եթե Իրանը զրկվի արտահանման հնարավորությունից, ապա դա շահավետ չի լինի Հայաստանի համար:

«Այս տարվա ընթացքում նավթի գներն աճել են ու մասնագետների հաշվարկներով` նորից աճ է նկատվում: Քանի որ մեր հարևան Ադրբեջանը նավթի գնաճի ժամանակ աչքի է ընկնում իր վստահ ու ռազմատենչ հռետորաբանությամբ, ապա այս իրավիճակը բացարձակ չի բխում մեր երկրի շահերից: Սակայն Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ, եթե իրենք նավթ չարտահանեն, ապա տարածաշրջանում որևէ մեկն այդ իրավունքը չի ունենա»,- նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ այդ երկիրը կխոչընդոտի հարևան երկրների կողմից նավթի առքուվաճառք իրականացնելու գործին:

Արտյոմ Տոնոյանն անդրադարձավ նաև Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, որ այդ հատվածը գտնվում է Իրանի ուշադրության կենտրոնում, և այդտեղ իրավիճակի ցանկացած սրում Իրանը կարող է կանխել:

«Իրանը Նախիջևանի հետ առանձին աշխատելու բազմամյա փորձ ունի, և հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը գտնվում է նրա ուշադրության կենտրոնում: Այստեղ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ Իրանը կարող է վիժեցնել»,- ասաց Արտյոմ Տոնոյանը:

Իրանագետի խոսքով` ԱՄՆ-ի ու Իրանի ռազմական ղեկավարության ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փոխադարձ կոպիտ հայտարարությունները իրականության չեն դառնա, որովհետև պատերազմ սկսելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չունի անգամ սեփական քաղաքացիների աջակցությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ