Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը ԵԱՏՄ-ում ասելու և ճշտելու շատ բան ունի. քաղաքագետները՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասին

Հայաստանը ԵԱՏՄ-ում ասելու և ճշտելու շատ բան ունի. քաղաքագետները՝ ԵԱՏՄ 
միջկառավարական խորհրդի նիստի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում շատ բան ունի ասելու ու ճշգրտելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քաղաքագետի խոսքով` այդ հարցերը վերաբերելու են հիմնականում Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների կառավարման համակարգերի տարբերությանը:

«ԵԱՏՄ երկրները պետական կառավարման համակարգերով նախագահական են, իսկ Հայաստանը՝ խորհրդարանական, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը, որ մինչ այդ մասնակցել էր նախագահների գագաթաժողովին, հիմա գնում է վարչապետների հավաքին: Այստեղ իրոք չափազանց կարևոր ասելիք կա, որովհետև հասկանում ենք, որ անցյալից մնացած մեծ բացեր ու տարրական հարցեր կան, որոնք հայկական կողմը մինչ օրս չի կարողանում լուծել»,- նշեց քաղաքագետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելը ֆորմատը կաթվածահար չանելուն ուղղված քայլ է:

«Աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին, եւ վարչապետների խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել էր, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը Հայաստանի նպատակը չէ, և, որ ամեն ինչ անելու են այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նույնպես կարծում է, որ Հայաստանին ձեռնտու չէ ԵԱՏՄ գործունեությունը կաթվածահար անելը:

«Մենք պետք է կարողանանք օգտվել այն առավելություններից, որ տրամադրում է այդ կառույցը: Այն կաթվածահար կարող են անել այն երկրները, որոնք Ռուսաստանից դժգոհ են, կամ նրանց աշխարհաքաղաքական շահերը չեն համընկնում դաշնության շահերին»,- նշեց Մանասյանը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը ԵԱՏՄ նիստում պետք է նախ հստակեցնի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների դաշտը, որից հետո անդրադառնա ԵԱՏՄ-ում մեր երկրի դիրքերի ամրապնդմանն այն դեպքում, երբ անդամ պետությունները զենք են վաճառում Ադրբեջանին:

«Բելառուսը՝ հետևելով Ռուսաստանի օրինակին, զենք է վաճառում Ադրբեջանին: Մեզ համար դա անընդունելի է, որովհետև դա մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում: Այդպիսի հակասությունների առկայությունն անընդունելի է ոչ միայն մեզ, այլև ԵԱՏՄ-ի համար, և, եթե ԵԱՏՄ-ն կայացած կազմակերպություն է, ապա իր ներսում այդպիսի վարվելակերպ չպետք է հանդուրժի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մանասյանը:

Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ նիստում պետք է անդրադարձ կատարվի նաև տեղեկատվական ճակատում անդամ երկրների զսպվածությանը:

«Թե Մոսկվայից, թե Բաքվից, և թե ԵԱՏՄ անդամ այլ երկրներից հաճախ հնչում են չկշռադատված հայտարարություններ, որոնք լարվածություն են մտցնում ԵԱՏՄ անդամ երկրների միջև»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ հենց այս երեք հարցերի շուրջ պետք է Հայաստանի վարչապետը մտքեր փոխանակի Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների վարչապետների հետ:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի կողմից արծարծվելիք հարցերի իր տարբերակներն ունի: Մեհրաբյանի կարծիքով՝ դրանք ուղղված պետք է լինեն Հայաստանի ու Ռուսաստանի միջև նավթի ու գազի, և հայկական երկաթուղու հետ կապված խնդիրներին:

«Նավթի և գազի հետ կապված խնդիրներ կան, որոնք Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում մինչև հիմա լուծում չունեն: Հայաստանում «Գազպրոմ»-ի մենաշնորհը մնում է անհասկանալի, չնայած իշխանություններն ասում են, որ եթե գազի հետ կապված պատշաճ առաջարկ լինի Իրանից, այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեն: Երկրորդ խնդիրը կապված է հայկական երկաթուղու իրավիճակի հետ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետների խոսքով՝ ինչ հարցեր էլ, որ քննարկվեն, դրանք մեկ նիստի ընթացքում չեն կարող են լուծվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում հուլիսի 25-ին տեղեկացրել էր, որ հուլիսի 26-ին մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]