Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը Կինոյի տնից մեծ արվեստի մեծ սպասելիքներ ունի. Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց մշակութային օջախում

ՀՀ նախագահը Կինոյի տնից մեծ արվեստի մեծ սպասելիքներ ունի. Արմեն Սարգսյանը 
շրջայց կատարեց մշակութային օջախում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին այցելեց Կինոյի տուն: Արմեն Սարգսյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ շրջեց Կինոյի տան ամբողջ տարածքում, ծանոթացավ այդտեղ հետագայում կառուցվելիք կինոթանգարանին վերաբերող ծրագրերին և Կինոյի տան բուխարու սրահի պատին, որտեղ ստորագրել են այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք են Վիլյամ Սարոյանը, Էմիր Կուստուրիցան և այլք, թողեց իր ստորագրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահը պատին գրեց. «Մեծ սպասելիքներով` մեծ արվեստի»:

«1980-ականների վերջին եմ եղել Կինոյի տանը: Եթե ցանկանում էիր Երևանում ֆիլմ դիտել, շատ տարօրինակ վայրերում էր հնարավոր դա անել. մեկը ԱԱԾ-ի ակումբն էր: Այնտեղ էին ցուցադրվում արևմտյան կինոնկարներ, և երբեմն դժվար էր լինում տոմս գտնել: Այդպիսի վայր էր նաև Կինոյի տունը, որտեղ ներկայացվում էին ժամանակակից և’ իտալական, և’ ֆրանսիական, երբեմն նաև ամերիկյան ֆիլմեր»,- նշեց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը հավելեց, որ 1960-70-ական թվականներին հայկական կինոարվեստը զարթոնք էր ապրում, և Խորհրդային Միության տարիներին հայ կինոն փայլուն օրինակներ ունեցավ, որոնք դասական են և մինչ օրս  կարելի է դրանք նորից ու նորից դիտել. խոսքը ինչպես գեղարվեստական, այնպես էլ փաստավավերագրական կինոժապավենների մասին է:

«Ինձ համար այս շրջայցը հիշողություն էր: Կարծում եմ` ամեն բան վերականգնվելու է: Երբ Հարություն Խաչատրյանը ինձ էր ներկայացնում իր ծրագրերը, մտովի պատկերացնում էի, թե ինչ գեղեցիկ վայր է լինելու սա: Ամեն ինչ պետք է անել, որ որքան հնարավոր է շուտ Կինոյի տունը դառնա իսկապես տուն բոլոր երևանցիների, բոլոր հայերի և, առհասարակ, մեր հյուրերի համար: Կինոարվեստը չի մեռնում. hակառակը` այն ամեն տարի նոր տեխնոլոգիաների հետ, նոր մտքերի, նոր աշխարհի հետ փոխվում է և դառնում ավելի ու ավելի կարևոր»,- ընդգծեց նախագահը և հաջողություն մաղթեց Կինեմատոգրաֆիստների միությանը:

 Կինոյի տունը կառուցվել է  1975 թվականին: Նույն տարում բացվել է դրա մեծ դահլիճը: Այդ տարիներին դահլիճին մեծ նշանակություն չեն տվել, քանի որ այդ ժամանակ Հայաստանում 700 կինոթատրոն է եղել: Դրանց ցանկում Կինոյի տան մեծ դահլիճը հերթականն էր: Մինչև «Ռոսիա» կինոթատրոնի բացումը, այն եղել է ամենամեծը Հայաստանում: Այդտեղ են իրականացել «Հայֆիլմ» կինոստուդիայի բազմաթիվ հայտնի ժապավենների պրեմիերաները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]