Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Նվաճելով բարձունքներ. օպերային երգիչներ Մերի Մովսիսյանը և Հովհաննես Անդրեասյանը վարպետության դասերի կմեկնեն Նիդեռլանդներ


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի օպերային երգիչներ Մերի Մովսիսյանը (սոպրանո)  և Հովհաննես Անդրեասյանը (տենոր) միասին բարձունքներ են նվաճում: Վերջերս նրանք համերգով հանդես են եկել Լատվիայում, ներգրավված են օպերային թատրոնի գալիք պրեմիերաներում, ինչպես նաև մեկնելու են Նիդեռլանդներ: «Արմենպրես»-ը զրուցել է Մերի Մովսիսյանի և Հովհաննես Անդրեասյանի հետ Լատվիայի համերգի ու գալիք նախագծերի մասին:

«Լատվիայում՝ Յուրմալա քաղաքում, հուլիսի 11-ին լատվիացի երաժիշտների հետ համերգ ենք ունեցել ես և Հովհաննես Անդրեասյանը: Մեզ այնտեղ ելույթ ունենալու էր հրավիրել հայտնի ռեժիսոր Անդրեյս Ժագարսը, ով հենց համերգի կազմակերպիչն էր: Շատ ջերմ հանդիսատես էր, շատ դրական զգացողություններ ունեինք, մեզ շատ լավ ընդունեցին, բուռն ծափահարություններով»,-նշեց Մերի Մովսիսյանը:

Հովհաննես Անդրեասյանը հավելեց, որ իրենք՝ երկուսն էլ Լատվիայում առաջին անգամ էին հանդես գալիս, և շատ հաջողված ու գեղեցիկ ելույթներ են ունեցել և համերգին ներկայացրել են արիաներ հանրահայտ օպերաներից: Մասնավորապես, ներկայացվել են Դոնիցետիի, Վերդիի, Պուչինիի և այլ կոմպոզիտորների գործերից: Մերի Մովսիսյանի խոսքով՝ արիաների պատրաստման ընթացքում նրանց աջակցել է հանրահայտ օպերային երգիչ, պրոֆեսոր Ակսել Էյվերարտը:

Վերջինիս հրավերով, ինչպես նաև օպերային թատրոնի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Մերի Մովսիսյանը և Հովհաննես Անդրեասյանը վարպետության դասերի կմեկնեն Նիդեռլանդներ, նաև կմասնակցեն հյուրախաղային համերգների:

Օպերային երգիչներն առանձնահատուկ շեշտում են, որ Լատվիայի համերգն ու  Նիդեռլանդներում վարպետության դասերի մասնակցությունը կայանում է շնորհիվ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի գործուն աջակցության:

«Մաեստրո Օրբելյանը թատրոնի համար շատ մեծ գործ է անում, նրա նախաձեռնությամբ մեր թատրոնում արդեն իսկ կան և շուտով կլինեն մի շարք նոր օպերայի բեմադրություններ: Եվ նրա շնորհիվ մեր թատրոնում անվանի արտիստների հետ սերտ կապ է ստեղծվել: Բացի այդ, նա մեծ տեղ է տալիս երիտասարդներին, այնպես է անում, որ զբաղվենք մեր սիրելի գործով»,-նշեց Մերի Մովսիսյանը:

Հովհաննես Անդրեասյանն էլ հավելեց, որ վերջերս Օրբելյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ վարպետության դասերի է եղել Մինսկի օպերային թատրոնում: «Նա շատ մեծ գործ է անում, պետք է մեր թատրոնին, որպեսզի այն հանի միջազգային մեծ ասպարեզ»,-հավելեց երգիչը:

Նշենք նաև, որ հոկտեմբերին օպերային թատրոնում տեղի կունենա հինգ գործողությամբ «Մանոն» օպերայի պրեմիերան: Մերի Մովսիսյանը և Հովհաննես Անդրեասյանը նույնպես ներգրավված են բեմադրության մեջ: Ռեժիսորը նույն Անդրեյս Ժագարսն է:

Մերի Մովսիսյանը մարմնավորելու է գլխավոր դերը: «Մանոնի կերպարն ինձ շատ հարազատ է: Անձնական համակրանք ունեմ այս ողբերգական կերպարի նկատմամբ: Այս օպերային բեմադրությունում ներկայացված է Մանոնի ամբողջ կյանքը: Մի կողմից՝ սա մեծ հնարավորություն է տալիս լիովին ընկալելու կերպարը, մյուս կողմից՝ բարդացնում է կերպարը կերտելու գործընթացը»,-նշեց երգչուհին: Իսկ Հովհաննես Անդրեասյանը օպերային թատրոնի նոր բեմադրությունում մարմնավորելու է ասպետ դը Գրիեին: Փաստում է՝ շատ գեղեցիկ դերերգ է:

Օպերային երգիչները վստահեցնում են՝ մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ են պատրաստվում գալիք նախագծերին: Նպատակադրված են շարունակել իրենց հաղթարշավը և լավագույնս ներկայանալ թե՛ հայաստանյան, թե՛ արտերկրի հանդիսատեսներին:

Ռոզա Գրիգորյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ