Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ-իտալական կենտրոն, JICA. մշակույթի նախարարությունն ակտիվ համագործակցում է օտարերկրյա դեսպանությունների հետ  

Հայ-իտալական կենտրոն, JICA. մշակույթի նախարարությունն ակտիվ 
համագործակցում է օտարերկրյա դեսպանությունների հետ

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել մեր երկրում գործող մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նախարարը շեշտեց, որ դեսպանների հետ հանդիպումները միայն արարողակարգային բնույթ չեն կրում, երկուստեք ամրագրվում են այն ծրագրերը, որոնք արդեն գոյություն ունեն, ինչպես նաև փորձում են հասկանալ, թե համատեղ ինչ կարող են անել:

«Մասնավորապես՝ Վրաստանի դեսպանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք մշակութային համատեղ փոխանակման ծրագրեր անել երաժշտության, ցուցահանդեսների հետ կապված:  Ճապոնիայի դեսպանի հետ մենք JICA նախագիծն ենք անում: Սա շատ կարևոր է մեզ համար: Նրանք դրամաշնորհ են տրամադրել մեզ սարքավորումների տեսքով, որոնք ապահովելու են մշակութային արժեքների գնահատման և փորձարարական աշխատանքների իրականացման ամբողջ գործընթացը: Հիմնականում ամեն ինչ պայմանավորված է, կարծում եմ, մեկ ամսվա ընթացքում ծրագրի բացումը կազդարարենք»,-ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Նախարարի խոսքով՝ օգոստոսին էլ բացվելու է հայ-իտալական մշակութային կենտրոնը, որտեղ իրականացվելու է փորձագիտական, մասնագիտական հմտությունների փոխանցում, կազմակերպվելու են դասախոսություններ: Այս կառույցը տարածաշրջանում միակն է լինելու, որը հուշարձանների պաշտպանության ոլորտում շատ լուրջ դերակատարում է ունենալու:

«Ֆրանսիայի դեսպանի հետ համագործակցում ենք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, Գերմանիայի դեսպանատան հետ խորհրդակցել ենք, թե ինչպես կարող ենք, օրինակ, գրականության ոլորտում համագործակցել»,-նշեց նա՝ հավելելով, որ կարելի է, օրինակ, թարգմանել թատերական գործեր և դրանք բեմադրել:

«Շատ տարբեր, հետաքրքրիր նախագծեր կան, որոնք ժամանակի ընթացքում քայլ առ քայլ կկարողանանք իրականացնել: Մի մասի մեկնարկն արդեն տրված է»,-եզրափակեց Լիլիթ Մակունցը:

Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]