1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջրային կոմիտեի նախագահը ՋՕԸ ղեկավարների հետ հրատապ խնդիրներ է քննարկել

Ջրային կոմիտեի նախագահը ՋՕԸ ղեկավարների հետ հրատապ խնդիրներ է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հուլիսի 23-ին հանդիպել է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ջրային կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Ջրի արդարացի բաշխումը մեզ համար պետք է լինի առաջնային խնդիր: Սակավաջրության այս պայմաններում, խնդրի լուծման համար ջուրը պետք է հասցնել ջրագծի վերջին կետում գտնվող համայնք և հենց այդտեղից սկսել ոռոգումը: Սկզբունքն այսպիսին է. եթե անգամ մեկ բաժակ ջուր ունենք, այն պետք է բաժանվի հավասարաչափ՝ բոլորի միջև»,-  հայտարարել է կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը:  

Սա նախագահի՝ ջրօգտագործող ընկերությունների ղեկավարների հետ ամբողջական կազմով առաջին հանդիպումն էր, որի հիմնական նպատակը աշխատանքային խնդիրների վերհանումն էր: 

Ի. Գաբայանի համոզմամբ՝ ջրի բաշխման գործընթացում պետք է ներգրավվեն նաև շարքային ջրօգտագործողները՝ այսպիսով ապահովելով նաև հանրային վերահսկողության գործառույթը. «Մենք արդեն իսկ նախադեպեր ունենք, երբ ոռոգման գործընթացում և, հատկապես, ջրի բաշխման աշխատանքներում ներգրավել ենք այն համայնքների բնակիչներին, որտեղ ջրամատակարարումից բողոքներ են եղել: Կարծում եմ՝ սա լավ պրակտիկա է, երբ գյուղացիներն աշխատանքի են անցնում ՋՕԸ-ներում: Սա ոչ միայն առավել թափանցիկ է դարձնում ՋՕԸ աշխատանքը, այլև՝ մեծացնում հանրային վստահությունը համակարգի նկատմամբ»,- ասել է Ի. Գաբայանը: 

Տիկին Գաբայանը ուշադրություն է հրավիրել ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման խնդրին: Այդ նպատակով ՋՕԸ ղեկավարներին հանձնարարվել է ուշադիր լինել տեղամասերում աշխատող ջրբաշխների մատյանների նկատմամբ. «Կարևոր է, որպեսզի գյուղացին վստահ լինի, որ իր վրա հավելյալ ֆինանսական բեռ չի դրվում, որ ինքը վճարում է միայն ջրի այն ծավալի համար, որն օգտագործել է: Ջրբաշխների մատյանները պետք է ստորագրվեն հենց ոռոգման պահին, ո՛չ առաջ, ո՛չ հետո»,- ասել է Գաբայանը: 

Հանդիպման ընթացքում «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Կարեն Եփրեմյանը տեղեկացրել է, որ ոռոգման շրջանում ընկերության աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ջրանցքների վրա՝ հնարավոր վթարներն անմիջապես արձանագրելու և վերացնելու համար: 

ՋՕԸ տնօրենները կոմիտեի նախագահին ներկայացրել են տեղերում իրականացվող աշխատանքները: Անդրադարձել են նաև ջրի կառավարման խնդրին: Ըստ նրանց՝ յուրաքանչյուր ջրօգտագործողի համար տեղամասերում կա առանձին հաշվառման քարտ, որում գրանցվում են բոլոր տվյալները: ՋՕԸ ղեկավարները նաև նշել են, որ ջրօգտագործողները հաճախ են պահանջում իրենց քարտերը և ստուգում դրանցում կատարված գրանցումները. 

«Ես շատ ուրախ եմ, որ ջրօգտագործողներն այդքան ուշադիր են իրենց հաշվառման քարտերի և դրանցում արվող գրառումների նկատմամբ: Հենց այսպիսին պետք է լինի մեր աշխատանքը՝ հիմնված փոխադարձ պահանջատիրության վրա: Մենք իրարից պետք է պահանջենք, որ յուրաքանչյուրս բարեխղճորեն կատարենք մեր աշխատանքը»,- ասել է Ի. Գաբայանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]