Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

«Հայաստան»  հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

«Հայաստան»  հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար 
մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթի պայմանները և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է Հանրապետության Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:

Գործադիր վարչության տնօրենը, հաշվետու լինելով հոգաբարձուների խորհրդին, գլխավորում է գործադիր վարչությունը և պետք է.

  • համակարգի Հիմնադրամի գործադիր վարչության գործունեությունը և կապը Հիմնա- դրամի տեղական մարմինների հետ,
  • ծրագրերի իրականացման, ֆինանսական խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին և տեղական կառույցներին,
  • համակարգի Հիմնադրամի գործունեության ծրագրի, տարեկան հաշվետվության, տարեկան բյուջեի և դրա կատարման հաշվետվության նախապատրաստումը, ներկայացնի այդ փաստաթղթերը հոգաբարձուներին,
  • ապահովի Հիմնադրամի գործունեության թափանցիկությունը, հանրության տեղեկացվածությունը հիմնադրամի մասին,
  • համակարգի Հիմնադրամի գործունեության մոնիտորինգը և գնահատումը,
  • ապահովի Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության իրականացումը,
  • կատարի և վերահսկի որոշ գնումներ,
  • ապահովի հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահության նիստերի կազմակերպումն ու անցկացումը, այդ թվում` ապահովի հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղեկատվական նյութերով, որոշումների նախագծերով և վարի նիստերի արձանագրությունները,
  • ապահովի Հիմնադրամի մասնակցային գործունեությունը` ստեղծելով և պահպանելով հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառա- վարման մարմինների, հոգաբարձուների խորհրդի անդամների և տեղական մարմինների հետ,
  • համագործակցի և համակարգի համատեղ ծրագրեր այլ հիմնադրամների, նվիրատու կազմակերպությունների, Սփյուռքի կառույցների հետ,
  • կատարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, դրա նախագահության և նախագահի հանձնարարականները:

 

 

Գործադիր վարչության տնօրենը պետք է բավարարի որակավորման և փորձի հետևյալ պայմաններին`

  • մագիստրոսի կամ դրան համարժեք կոչում տնտեսագիտության, հասարակական կամ գործարար կառավարման, միջազգային հարաբերությունների կամ հիմնադրամի գործունե- ությանն առնչվող այլ բնագավառում,
  • միջազգային, արտասահմանյան կամ մասնավոր աղբյուրներից ֆինանսավորվող՝ զարգացման կամ շինարարության ոլորտի ծրագրերի իրականացման կամ միջազգային կազմակերպություններում կամ հարակից այլ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ (որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում),
  • կառավարման ակնհայտ ունակություններ, անձնակազմի ղեկավարման և թիմի կառուցման փորձ,
  • արդյունավետ կապերի հաստատման և պահպանման ունակություն մի շարք կողմերի, ներառյալ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿների, գործարար և միջազգային շրջանակների հետ,
  • ճկունություն, պատասխանատու վերաբերմունք և նվազագույն վերահսկմամբ աշխատելու ունակություն,
  • հայերեն և անգլերեն լեզուներով բանավոր և գրավոր ազատ հաղորդակցման ունակություն. այլ լեզուների իմացությունն առավելություն է,
  • համակարգչային ունակություններ (MS Office, Ինտերնետ):

Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժին՝ մինչև ս.թ. օգոստոսի 31-ը: Հայտը պետք է պարունակի՝

  • ուղեկցող նամակ (առավելագույնը` 2 էջ), որտեղ նկարագրվում է, թե ինչպես է դիմողը պատկերացնում պաշտոնի բարդությունը (մարտահրավերները), և ինչպես են դիմողի փորձն ու կրթությունը թույլ տալիս հաղթահարել այդ բարդությունը (մարտահրավերները),
  • ինքնակենսագրություն, որը բացահայտում է դիմողի որակավորումը և փորձը,
  • անձնագրի պատճեն,
  • աշխատանքային գրքույկից քաղվածք (Հայաատանի Հանրապետության քաղաքացիների համար),
  • բարձրագույն (հետբուհական) կրթության մասին փաստաթղթերի (վկայագիր և ներդիր)՝ սահմանված կարգով վավերացված պատճեններ,
  • երեք երաշխավորագրեր (նախընտրելի է մասնագիտական)
  • մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող փաստաթղթեր (հոդվածներ և այլն):

Հայտերը ներկայացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն. հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Կառավարական 3- րդ մասնաշենք, e-mail: [email protected]; հեռախոս +37410 521505+106:

Հայտերն ընդունվում են 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 31-ը, աշխա- տանքային օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխվել էր և նա ազատ էր արձակվել: Հուլիսի 9-ին Վարդանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էր ներկայացրել իր հրաժարականի դիմումը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ