Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հուլիսի 22-ին հանդիպեց աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 62 սփյուռքահայ ուսուցիչների հետ, ովքեր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Տիար Ռուբեն Միրզախանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը սփյուռքահայ ուսուցիչների ուսուցիչներին, վերջիններիս ներկայացրեց Վեհափառ Հայրապետի գործունեությունը կրթական ոլորտում` դրա լավագույն վկայությանները նկատելով հիմնված հոգևոր կրթական և հանրակրթական հաստատությունները: Պրն. Միրզախանյանը տեղեկացրեց նաև, որ համալսարանի մի շարք ուսանողներ իրենց փորձառության շրջանը անցկացնում են Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցում:
Այնուհետև ուսուցիչներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեծապես կարևորելով համալասարանի և ՀՀ պատկան կառույցների կարևորագույն այս նախաձեռնությունը: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ տարեցտարի Հայաստան ժամանող սփյուռքահայ ուսուցիչների թիվը մեծանում է: 

Բարձրորեն գնահատելով սփյուռքահայ ուսուցիչների նախանձախնդրությունը` Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների դաստիարակության ու կրթության համար: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացին նորանոր լիցքեր կհաղորդի նրանց` նոր ուժով և ավյունով շարունակելու ուսուցչական իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետն անդրադարձավ նաև Սփյուռքի առջև ծառացած արդի մարտահրավերներին՝ մասնավորապես խոսելով հայապահպանության, հայեցի դաստիարակության, ինչպես նաև մատաղ սերնդի մեջ աստվածսիրություն և հայրենասիրություն սերմանելու կարևորության մասին: Մարտահրավերների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց համագործակցությունը եկեղեցական կառույցների և ազգային կրթական հաստատությունների միջև:
Այս առիթով Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մայր Աթոռի կողմից Հայ Եկեղեցու քահանաների համար նախաձեռնված վերապատրաստման դասընթացների մասին` հավելելով, որ առաջիկա տարի նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասնթացներ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուսուցիչների համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Սփյուռքում գործող հայկական դպրոցների և մայրենիի պահպանման խնդիրներին:

Վերջում Վեհափառ Հայրապետը մանկավարժներին մաղթեց Աստծո օրհնությունն ու պահպանությունը իրենց սրբազան առաքելության իրականացման գործում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]