Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Ալավերդու պղնձաձուլական գործարանի թափոնները լցվում են Դեբեդ գետը. իրավասու մարմինները գնացել են ահազանգի հետքերով


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը: Այս մասին հուլիսի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում ահազանգել են «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Հրապարակման հետ ՀԲՃ անդամները նաև տեսանյութ են տեղադրել:

Բնապահպանության նախարարությունը հաստատել է գետի աղտոտման մասին տեղեկությունը: Նախարարության մամլո խոսնակ Արմեն Վարդանյանը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ խնդրին տեղեկացել են համացանցից և անմիջապես անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել Բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշեց՝  չնայած ոչ աշխատանքային օրվան, տարածքային ստորաբաժանումն արդեն իսկ անհրաժեշտ ուսումնասիրություններն իրականացրել է:

«Չնայած, որ ոչ աշխատանքային օր է, գործին ընթացք է տրվել: Տարածքային ստորաբաժանման մասնագետներն   արդեն ջրից նմուշառում են կատարել, որպեսզի ուղարկեն Երևան և լաբորատորիայում պարզեն, թե ինչ արտանետման մասին է խոսքը: Հետազոտության արդյունքները եկող շաբաթվա սկզբում կհրապարակենք»,-«Արմենպրես»-ին ասաց Արթուր Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով` տարածքային ստորաբաժանման տեսուչներն իրեն հաղորդել են, որ արտանետումների հոսքը նվազել է, սակայն ամբողջությամբ չի դադարել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ