Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան եկած ուսանողները մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերում հայրենիքում. երիտասարդները հանդիպեցին ՀՀ նախագահին

ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան եկած ուսանողները մասնագիտական գիտելիքներ են ձեռք 
բերում հայրենիքում. երիտասարդները հանդիպեցին ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միության Ամառային մասնագիտական փորձառության և Երաժշտական Հայաստան ծրագրերով Հայաստանում գտնվող երիտասարդ ուսանողներն ուրախ են ոչ միայն մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաև հայրենիքին իրենց հմտություններով աջակցելու, հայկական մշակույթին, պատմությանը, տեղացիներին ավելի մոտիկից ճանաչելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարբեր երկրներից եկած երիտասարդները նման տեսակետ հայտնեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրեց երիտասարդների հետ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկումը:  Նախ նա հետաքրքրվեց, թե ովքեր լավ հայերեն գիտեն: Բարձրացված ձեռքերը քիչ չէին: Հետո նախագահը հետաքրքրվեց՝ նրանց՝ Հայաստանում գտնվելու գլխավոր դրդապատճառից, և հենց ինքն էլ նկատեց՝ մեկ պատճառ կա՝ սա իրենց հայրենիքն է, իրենց երկիրը:

Երիտասարդ ուսանողների պատասխանները բազմազան էին: Սա ոմանց առաջին այցն էր Հայաստան և լավ հնարավորություն՝ բացահայտելու հայրենիքը: Երիտասարդներից մեկը նշեց՝ շատ է սիրում պատմությունը: Նախագահն էլ հետաքրքրվեց՝ տեղյակ է արդյոք Հայաստանում տեղի ունեցած վերջին պատմական իրադարձություններից: «Գիտեմ, որ ժողովուրդը ստեղծեց նոր կառավարություն: Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ»,-ասաց երիտասարդ ուսանողը:

Լյուդմիլա Ավագյանը, ով Հայաստան է եկել ԱՄՆ Վիրջինիա նահանգից, նշեց՝ թեև իր ընտանիքն այնտեղ է բնակվում, սակայն իր մնացած բոլոր բարեկամները Հայաստանում են: «Ես այստեղ եմ՝ տեսնելու նաև իմ հարազատներին: Ես այնքան մեծ կապվածություն ունեմ այս երկրի հետ, որ հույս ունեմ՝ շատ անգամներ եմ գալու»,-ասաց նա:

Նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ կուզի արդյոք այստեղ մշտական բնակություն հաստատել: Պատասխանեց՝ կուզեր այստեղ ապրել ընտանիքի հետ:

Շատերը նշեցին՝ այս այցը հնարավորություն է բացահայտելու իրենց հայրենիքի մշակույթը, պատմությունը, մարդկանց, նաև կապվել նրանց հետ: Քանի որ ներկա էին նաև երաժիշտներ, նախագահը հարցրեց՝ ճանաչում են արդյոք հայ ջութակահարներին: Հնչեցին Նարեկ Հախնազարյանի, Սուրեն Խաչատուրյանի անունները: Երիտասարդներից մեկը նշեց՝ Էդվարդ Թոփչյանի հետ հանդիպելու հնարավորություն երբեք այլ վայրում չէր ունենա: Ուրախ է, որ նրան հանդիպել է հենց հայրենիքում:

Գաբրիելա Գյոզյանը, ով Հայաստան է եկել Լոս Անջելեսից, այստեղ մասնակցել է «Ոսկե Ծիրան»-ի շրջանակում իրականացվող ծրագրերից մեկին՝ մարքետինգի հարցերով: «Ուրախ եմ, որ կարող եմ գալ ու օգնել հայրենիքիս: Շատ լավ ծրագիր է, քանի որ մենք էլ նոր հմտություններ ենք ձեռք բերում:  Հայաստանում արդեն 7-րդ անգամ եմ: Ամեն անգամ գալով՝ այլ կերպ եմ սիրում հայրենիքս»,-նշեց նա ու հավելեց՝ Հայաստանում ապրելու նպատակ ունի: 

Հետո արդեն երիտասարդները հարցեր ուղղեցին նախագահին: Հարցերը վերաբերում էին տարբեր թեմաների՝ սկսած ներքաղաքական իրադրությունից մինչ հարևան երկրների հետ հարաբերություններ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշեց՝ փոփոխությունները Հայաստանում շարունակական են լինելու:   

«Մենք մեծ հեղափոխություն ենք ունեցել, սակայն դրա հետ մեկտեղ հարգում ենք նախկինում հաստատած միջազգային պարտավորությունները:   Ցանկացած փոփոխություն բերում է նոր գաղափարներ, նոր ծրագրեր»,-նշեց նախագահն ու հավելեց՝ փոփոխությունները դեռ չեն ավարտվել:

Երիտասարդների մի խումբը Հայաստանում է մնալու 6, իսկ մյուս՝ 5 շաբաթ:

Ծրագրերի մասնակից երիտասարդները, ովքեր Հայաստան են ժամանել տարբեր երկրներից, մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց բացի, մասնակցում են ուսուցողական և մշակութային միջոցառումների, այցելում տեսարժան վայրեր, ծանոթանում երկրի պատմամշակութային ժառանգությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]