Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լճի մակարդակի բարձրացումը կբարելավի «Սևան» ազգային պարկի ներկայիս վիճակը

Լճի մակարդակի բարձրացումը կբարելավի «Սևան» ազգային պարկի ներկայիս վիճակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևան թափվում է 28 գետի ջուր, ամենամաքուրը Արփա-Սևան թունելով եկողն է, որովհետև դրա հարակից տարածքում ոչ մի գյուղ չկա, իսկ մյուսները աղտոտում են լիճը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը: «Հիմա վիճակը լավ չէ: Եվ միակ բանը, որ կարող է փրկել «Սևան» ազգային պարկը, ջրի մակարդակի բարձրացումն է»,- ասաց բանախոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կան մի շարք խնդիրներ, որոնք լուծելու դեպքում փոքր-ինչ կբարելավվի ազգային պարկի վիճակը: Փորձագետն այդ խնդիրներից առանձնացնում է աղբի հարցը: Ըստ նրա` անպայման պետք է կառուցվեն աղբի վերամշակման գործարաններ. «Մենք ունենք 2 մեծ աղբավայր` Նուբարաշեն և Երևանյան լիճ: Մենք կարող ենք աղբի վերամշակման երկու գործարան ստեղծել: Դա ձեռնտու կլինի նաև պետության համար»,-նշեց նա:

Գագիկ Սուխուդյանի կարծիքով, «Սևան» ազգային պարկի տարածքում երեք օբյեկտներ կան, որոնք ճիշտ են կառուցված: «Դրանք են «Ախթամարը», «Մինուտկան» և «Սևան» հյուրանոցը: Մնացած բոլոր կառույցները խախտում են ազգային պարկի հատակագիծը և լուրջ խնդիրների հանգեցնում: Հարցը խորհրդային տարիներին էլ կար, երբ արհեստականորեն կոլխոզներ էին կառուցում, պլան տալիս և այլն»,-նշեց նա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սևանի ներկայիս մակարդակը 1900 մ 25 սմ է: Փորձագետի կարծիքով, Սևանի մակարդակը պետք է բարձրանա ևս 6 մետրով: Հակառակ դեպքում հողահատկացումներ անելը բացառվում է: Չնայած վերջինիս պնդմամբ` ապօրինի կերպով հողահատկացումներ միշտ արվել են: «Ազգային պարկը կորցրել է իր իմաստը, այն բաժանվել է ամառանոցների: Այնինչ՝ դա բոլորինս է, ազգային սեփականություն է»,-ընդգծեց ճարտարապետը:

Գագիկ Սուխուդյանի խոսքով`ջուրը չի կարելի դարձնել բիզնեսի առարկա: «Սևանի ջուրը հարկավոր է մաքրել, դարձնել խմելու ջուր և վաճառել, ոչ թե օգտագործել ոռոգելու, էլեկտրաէներգիա ստանալու համար»,-հավելեց նա:

Ջրի միջազգային օրվա կապակցությամբ սույն թվականի մարտի 22-ին «Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը իր թիմով Արևիկ ափից երեք կիլոմետր հեռավորության վրա 40 մետր խորությունից հատուկ սարքերով ջուր է վերցրել, որը ենթարկվել է փորձաքննության: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այդ ջուրը պիտանի է խմելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]