Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում տեղի ունեցածն աշխատաոճի, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է. կադրերը պետք է ադապտացվեն նոր իրավիճակին

Հայաստանում տեղի ունեցածն աշխատաոճի, պետական ու ազգային ամբիցիաների 
փոփոխություն է. կադրերը պետք է ադապտացվեն նոր իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատված իրավիճակը նոր է  կառավարման համակարգի ինչպես հին, այնպես էլ նոր կադրերի համար: Ներկայիս պայմաններում անխուսափելի է ադապտացիայի փուլը, որը վերաբերում է բոլոր կադրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր կողմից վարվող կադրային քաղաքականությանը: «Ըստ էության՝ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ՝ նոր կադրեր, հին կադրեր և հին ժամանակներում աշխատած մարդիկ, ովքեր նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը: Այս իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը: Ընդ որում՝ դա վերաբերում է բոլորին, այս իրավիճակը նոր է բոլոր կադրերի համար: Ադապտացիայի շրջանում բոլոր երեք խմբերում էլ լինելու են մարդիկ, ովքեր բառի լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին և ովքեր չեն հարմարվելու»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ իր վարած քաղաքականությունն այս փուլում նպատակաուղղված է «հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելուն ու արձանագրելուն»: Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, այն աշխատաոճի, գործելակերպի, նպատակների, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է: «Մենք ուղիներ պետք է փնտրենք ազգային լավագույն ներուժը կառավարման համակարգում օգտագործելու համար: Քայլեր պետք է իրականացվեն այդ ճանապարհին օրենսդրական և սահմանադրական խոչընդոտները վերացնելու համար»,-հավելեց գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև կարդային բանկ ստեղծելու նախագծին՝ նշելով, որ դա հնարավորություն կբացի Հայաստանի ու սփյուռքի լավագույն կադրերի համար, որ իրենց ներուժը ծառայեցնեն Հայաստանի արդյունավետ կառավարմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]