Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Մարվեց «Արշակ Բ» հայկական առաջին օպերային նվիրված նամականիշը

Մարվեց «Արշակ Բ» հայկական առաջին օպերային նվիրված նամականիշը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշով փոստային բացիկի վրա պատկերված է մի հատված Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի բեմադրությունից:

Բացիկի ձախ մասում ներկայացված է օպերային թատրոնի շենքի գիշերային լուսանկարը: Բացիկը թողարկվել է 500 տպաքանակով: Դիզայնի հեղինակը «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանն է: Նամականիշով փոստային բացիկի մարումը տեղի ունեցավ հուլիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`արարողությունն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքների կառավարիչ Լիլիթ Թադևոսյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Անչափ շնորհակալ եմ բոլորին: Այն արտիստները, որոնք պատկերված են նամականիշի վրա, այսօր հանդես են գալիս մեր թատրոնում: Ըստ իս` դա բացառիկ իրադարձություն է»,-ասաց Օրբելյանը:

Նամականիշի մարմանը հաջորդեց Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի ցուցադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի մասնակցությամբ:

«Արշակ Բ» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1868 թվականին՝ նոր էջ բացելով ազգային երաժշտարվեստի պատմության մեջ: Տ. Չուխաջյանի երաժշտության և դրամատուրգ Թովմաս Թերզյանի լիբրետոյի շնորհիվ հռչակվեց հայոց առաջին օպերայի ծնունդը: Լիբրետոյի հիմքում ընկած են Մովսես Խորենացու՝ «Հայոց պատմության» կարևոր իրադարձություններն ու սոցիալական բախումները: Տ. Չուխաջյանը «Արշակ Բ» օպերայում ստեղծեց հայրենասիրական ու քնարական կերպարներ, որոնց պայքարն օտարազգի բռնակալների դեմ էր՝ հանուն ազգային ազատագրության, անկախության, հայոց պետականության հաստատման:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ