Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

#ԿինոՇաբթի. «Միլիարդատերերի ակումբը» և դարձյալ 3 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հուլիսի 19-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 4 նոր ֆիլմեր:

«Միլիարդատերերի ակումբը»

Լոս Անջելես: 1980-ականների սկիզբ: Մի խումբ ապահովված երիտասարդներ որոշում են խարդախ ճանապարհով արագ հարստանալ: Կհաջողվի՞, արդյոք, դա նրանց: Հարստանալու սխեման մի կողմից կենսական է, մյուս կողմից ՝ մահացու է թվում:

Ռեժիսոր՝ Ջեյմս Քոքս, դերերում՝ Թերոն Էջերթոն, Էմմա Ռոբերտս, Էնսել Էլգորթ և այլք:

«Զոյի»

Զոյին և Քոուլը ապագայի գիտնականներ են, որոնք ստեղծում են կատարյալ ռոմանտիկ զուգընկերներ՝ սինթետիկներ: Նրանց նպատակն է փրկել մարդկանց միայնությունից: Որքան առաջ են գնում նրանք իրենց փորձարկումներում,այնքան կասկածելի են թվում նրանց աշխատանքի արդյունքները:

Ռեժիսոր՝ Դրեյք Դորեմուս, դերերում՝ Լեա Սեյդու, Թեո Ջեյմս, Յուեն ՄաքԳրեգոր և այլք:

«Պարանորմալ»

Եղբայրներ Ջասթինն ու Ահարոնը փոքր տարիքում դուրս են պրծել աղանդավորական մի կազմակերպությունից: 10 տարի անց նրանք աղանդի անդամներից տեսաուղերձ են ստանում և որոշում են հանդիպել իրենց նախկին «ընտանիքի» հետ: Բայց վերադառնալուն պես նրանք հասկանում են, որ ուղերձը նրանց ոչ ոք չի ուղարկել, իսկ տեղանքի հետ ինչ-որ բան այն չէ…

Ռեժիսոր՝ Ջասթին Բենսոն, Աարոն Մուրհեդ, դերերում՝ Ջասթին Բենսոն, Աարոն Մուրհեդ, Էմիլի Մոնտեգյու և այլք:

«Գրասենյակային խառնաշփոթ»

Խոշոր կազմակերպության ղեկավարը երազում է, որ իր աշխատակիցներն անմարդկային աշխատունակություն ունենան: Այդ նպատակով ղեկավարն իր աշխատակիցներին է տալիս առեղծվածային էներգետիկ ըմպելիք: Սակայն նա հաշվի չէր առել ըմպելիքի կողմնակի ազդեցությունը. աշխատակիցները գերագրեսիվ են դառնում: Եվ միայն մի աշխատակից ուշանալու պատճառով չի հասցրել համտեսել ըմպելիքը…

Ռեժիսոր՝ Լին Օդինգ, դերերում՝ Բրեյթոն Թուեթս, Ջեյն Լևի, Զաքարի Լիվայ և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ