Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳՆ-ն փորձելու է հասնել նրան, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով և ընդունեն միայն իրենց տարածքի աշակերտներին

ԿԳՆ-ն փորձելու է հասնել նրան, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով և ընդունեն միայն իրենց տարածքի աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրակրթական դպրոցները նախապատրաստվում են սեպտեմբերի 1-ին, փորձում են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել ունեցած հզորություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ դպրոցները փորձում են օգտագործել իրենց մասնաշենքերի հզորությունները, վերանորոգումներ են իրականացնում, ինչը, սակայն, ժամանակավոր լուծում է: «Հաջորդ տարիներին, երբ կլինի էլեկտրոնային գրանցում, դպրոցներն այլևս հնարավորություն չեն ունենա իրենց լիցենզիաներից ավել աշակերտներ ընդունել, ավելին՝ այն դպրոցները, որոնք աշակերտների թվով գերազանցում են իրենց սահմանված չափը, նրանց պարզապես կարող է թույլ չտրվել հաջորդ տարիներին ունենալ ընդունելություն մինչև կմարեն բարձր դասարանների աշակերտների թիվը: Դրանից հետո միայն հնարավորություն կունենան ընդունելություն կազմակերպել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԿԳ նախարարը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ներկայում քննարկվում է միայն տարրական դպրոցների կողմից լիցենզիա ունենալու հարցը, բայց ուշադրության առանցքում է նաև հերթերի կարգի սահմանման հստակեցումը: «Մեր նպատակն է, որ դպրոցները աշխատեն մեկ հերթով, ինչը բազմաթիվ բողոքներ մեջտեղից կհանի: Սրանով կլուծվի նաև դպրոցների բեռնաթափման խնդիրն ու մրցակցություն կմտցնի»,-հավելեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է այն սկզբունքի կիրառմանը, դպրոցներն ընդունեն միայն այդ շրջանի բնակիչների երեխաներին, ապա նախարար Հարությունյանը նկատեց, որ հաջորդ տարիներին ևս հնարավոր է այն իրականություն դառնա: «Հանրակրթության մասին» օրենքով ծնողն է ընտրում, թե երեխային որ դպրոցը տանել, այստեղ հակասություն կա: Մեզ համար ավելի հեշտ կլինի նախապատվությունը տալ տվյալ շրջանի ծնողներին, քանի որ հաշվարկների, պլանավորման ընթացքում հեշտ կլինի, կփորձենք միջին տարբերակ ընտրել»,-նշեց մեր զրուցակիցը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am