Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 Մեկնարկեց «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ եւ նախաձեռնություններ» ծրագիրը

 Մեկնարկեց «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ եւ 
նախաձեռնություններ» ծրագիրը

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ոլորտային փորձագետների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ շահառու այլ կառույցների մասնակցությամբ տրվեց «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ եւ նախաձեռնություններ» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որն ընթացավ հանրային լայն քննարկման պայմաններում:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Զբոսաշրջության զարգացումը մեր մարզի համար առաջնահերթ նշանակություն ունի: Այս ծրագրի հիմքում ընկած է մշակութային եւ բնապահպանական կրթությունը, համայնքային զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, որտեղ մեծ դեր կունենան հասարակական կազմակերպությունները եւ երիտասարդները: Մենք կանգնելու ենք այս ծրագրի կողքը եւ ցուցաբերելու ենք պահանջվող աջակցությունը: Հուսով եմ, որ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, երիտասարդների ներուժը բավարար է նախաձեռնություններ հանդես բերելու եւ զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար: Բարի երթ ձեզ ձեր աշխատանքներում»,-ողջունի խոսքում նշեց մարզպետը:
Ինչպես ներկաներին տեղեկացրեց «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ եւ նախաձեռնություններ» ծրագրի համակարգող Տաթեւ Ասրյանը, ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից եւ իրականացվում «Դի-Վի-Վի Ինթերնեյշնըլ» կազմակերպության, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի», «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի» եւ «Հայկական Սիվիլիտաս» ՀԿ կողմից: Ծրագրի բյուջեն կազմում է 547 հազար եվրո: Այն իրականացվելու է 3 տարվա ընթացքում Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում: «Այսօրվա հանրային քննարկումը նպատակ ունի ծրագրի շահառուների՝ մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ոլորտային փորձագետների մասնակցությամբ վեր հանել ծրագրային հավանական խմբերը, որոնցից մեկում պետք է իրականացվեն ծրագրային աշխատանքները: Խմբերի կամ կլաստերների վերջնական ընտրությունը կիրականացվի բազմաշահառու մարզային խմբի հետ քննարկումների եւ տեղերում այցելություններ կատարելու արդյունքում: Ծրագիրը նպաստելու է Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի ներառական եւ կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ծրագրի ընթացքում Գեղարքունիքի մարզի շուրջ 40 քաղաքացիական հասարակական կազմակերպություններ կվերապատրաստվեն՝ զարգացնելով մշակութային, բնապահպանական եւ զբոսաշրջային նախագծերի մշակման ու իրականացման իրենց կարողությունները: Վերապատրաստված ՀԿ-ներին կտրամադրվեն մրցակցային դրամաշնորհներ՝ տեղական զբոսաշրջությանը նպաստող 3 պիլոտային նախագծերի իրականացման եւ 4 սոցիալական ձեռնարկությունների հիմնման համար: Դպրոցների եւ բուհերի մոտ 200 աշակերտներ եւ ուսանողներ կվերապատրաստվեն՝ ձեռք բերելով նախագծեր կազմելու, նախաձեռնություններ հանդես բերելու հմտություններ: Երկու թանգարան կվերապատրաստվի եւ աջակցություն կստանա՝ ժամանակակից մուլտիմեդիա ցուցադրություններ կազմակերպելու եւ հաղորդակցման ժամանակակից գործիքներ կիրառելու հարցում, իսկ ընտրված 1 թանգարանում կստեղծվի մուլտիմեդիա ցուցադրություն»,-ներկայացրեց ծրագրի համակարգողը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]