Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով

ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման 
դեպքերով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին ի պատասխան, արդյոք կրկին ՀՀԿ շրջանակներից են այդ մարդիկ, Վանեցյանն ասաց. «Կարող են լինել և ՀՀԿ, և այլ շրջանակներից»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնյան հաստատեց, որ աղմկոտ դեպքերի մասին դեռևս կիմանան, բայց չցանկացավ անուններ տալ:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն չի թերացել՝ թույլ տալով վերջին շրջանում հարուցված քրեական գործերով հետախուզվող անձանց, մասնավորապես, Միքայել Հարությունյանին և Նարեկ Սարգսյանին երկրից դուրս գալ, Արթուր Վանեցյանը նշեց. «ԱԱԾ-ն չի թերացել, ցանկացած մարդ, ում մեղադրանք առաջադրված չէ, ով քրեական գործի շրջանակներում կարգավիճակ չունի, ազատ է տեղաշարժվելու»:

ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց նաև, որ հետախուզման գործերով զբաղվում է ոչ միայն իրենց կառույցը, այլև ողջ իրավապահ համակարգը: Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում նաև Ինտերպոլով:

                                                                                                                        








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]