Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

«Հյուսիս-հարավ» ծրագրով կառուցված ճանապարհահատվածների նախկին ու ներկա թերությունները վերացնելու համար հատուկ մոնիթորինգ կանցկացվի


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի արդեն կառուցված հատվածների որակի հարցը պատասխանատու գերատեսչության ուշադրության առանցքում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նրա վստահեցմամբ՝ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում արձանագրված թերությունները պետք է վերացվեն շինարարի կողմից: «Մենք հատուկ մոնիթորինգ ենք անցկացնելու ինչպես նախկին, այնպես էլ նոր առաջացած թերությունների նկատմամբ և հայտարարում եմ, որ շինարարը պատասխանատու է դրանք վերացնելու և,  առհասարակ,  ճանապարհի որակի համար»,-ասաց Աշոտ Հակոբյանը:

Այս հարցում նախարարը հատուկ ընդգծեց տեխնիկական հսկողությունն իրականացնող ինժեներական ընկերությունների դերը, որոնք, լինելով միջազգային հեղինակավոր ընկերություններ, պարտավոր են բավարար ջանքեր ներդնել բարձր որակ և աշխատանքի գոհացնող արդյունքներ արձանագրելու համար: «Ես շեշտում եմ, որ նշված ընկերությունները ևս պատասխանատու են որակի համար և ակնկալում եմ վերջիններիս կողմից համարժեք միջոցառումների իրականացում»,-հավելեց պաշտոնյան:

Որակի հետ կապված խնդիրների շարքում նախարար Հակոբյանն առանձնացրեց նաև ցեմենտի տեսակի շուրջ ծավալված քննարկումները: Նա նկատեց, որ Հայաստանը հասել է մի կարևոր արդյունքի, որ ծրագրում օգտագործվեն տեղական նյութերն ու աշխատուժը: Այդ իմաստով,  նա կարևորեց փաստը, որ Տրանշ 2-ի շրջանակներում միայն շինարարության մեջ միջինում աշխատում են 380-400 մարդ, Տրանշ 3-ում` 300 մարդ: Շինարարության մեջ օգտագործվող նյութերի գերակշիռ մաս են կազմում տեղական նյութերը, մասնավորապես` ցեմենտը, արհեստական կառուցվածքների բետոնե կոնստրուկցիաները, խճաքարը, լիցքի նյութը, ավազը:

«Այնուամենայնիվ, օգտագործվող ցեմենտի հետ կապված Տրանշ 3-ի ինժեներից ստացել ենք որոշ մտահոգություններ, որոնք ներկայում ստուգվում են: Այդ նպատակով մենք դիմելու ենք աշխարհի լավագույն լաբորատորիաներին՝ մանրամասն հետազոտությունն իրականացնելու համար: Առհասարակ, մենք ցանկանում ենք լուրջ ուսումնասիրություններ անցկացնել կիրառված տեխնիկական և ինժեներական լուծումների համապատասխանությունը լրացուցիչ ստուգելու և համոզվելու համար` հետագայում հնարավոր թերությունները կանխարգելելու նպատակով»,-նշեց նախարարը:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է երկու խոշոր հատվածներ՝ Մ2՝ Երևան-Երասխ-Եղեգնաձոր-Մեղրի և Մ1՝ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհները և ճանապարհային ենթակառուցվածքները: Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորմամբ և բաժանված է առանձին տրանշների:

Ընդհանուր առմամբ՝ ծրագրի համար ներգրավվել են վարկային միջոցներ շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, իսկ դրանից ծախսված գումարներն ավելի քան 222 միլիոն դոլար են, որից շինարարին տրված է կանխավճար` 56,5 միլիոն դոլար:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ