Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

«Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնը համախմբել է 80 պարի խմբերի


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնին, որն անցկացվել է Տավուշի մարզում, մասնակցել են ութ տասնյակ պարի խմբեր Հայաստանի մարզերից ու Երևանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնն իրականացրել է «Մինորա» մշակութային կենտրոնը:

«Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան) նշել է, որ փառատոնի մասնակիցներն արժանացել են պատվոգրերի, իսկ պարային խմբերի 80 ղեկավարները ստացել են հուշանվերներ:

Ռեյը շեշտել է, որ կենտրոնն ակտիվ ծրագրեր է իրականացնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում: Մասնավորապես, շատ կարճ ժամանակահատվածում փառատոներ են կազմակերպվել Ծաղկաձորում, Սևանում, այդպիսով հնարավորություն տալով մարզաբնակ հանդիսատեսին հաղորդակից դառնալու մշակութային կյանքին:

Բոլոր փառատոներն անցել են բարձր մակարդակով և արժանացել հանդիսատեսի ջերմ արձագանքին: 

«Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ