Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ

Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հուլիսի 18-ին դիմավորեցին մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանին, ով Մարսելից վազքով հասել է Հայաստան:


2016 թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճելուց հետո մարսելաբնակ հայազգի լեռնագնացը նոր մարտահրավեր է նետում. այն է՝ Մարսելից վազքով հասնել Հայաստան՝ հաղթահարելով 5000 կմ տարածություն: Վազքը մեկնարկել է ապրիլի սկզբին: Օրական վազելով 50 կմ՝ Արա Խաչադուրյանը կեզրափակի իր խաղաղության մարաթոնը Երևանում՝ Հանրապետության հրապարակում: «Ուզեցի վազել հանուն խաղաղության,- «Արմենպրես»-ին փաստեց լեռնագնացը,- կոչ անել, որ ոչ մի տեղ պատերազմ չլինի: Նպատակս է նաև երիտասարդներին ասել՝ եթե նպատակ, երազանք ունեք, ձգտելով կարող եք հասնել դրան»: Նա պատմեց, որ Էվերեստի գագաթին, ինչպես ինքն է ասում, Աստծոն մոտ, որոշում է նամակ գրել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Սակայն իր Թուրքիա եղած ժամանակ դեռ նախագահական ընտրությունները չէին կայացել, և չիմանալով, թե ով է լինելու երկրի նախագահը, Արան այդ նամակը այդպես էլ Թուրքիայի նախագահին չի հանձնում: «Բայց հանձնելու եմ, հաջորդ անգամ, երբ գնամ Թուրքիա: Եթե անհրաժեշտություն լինի 5 կամ 10 տարի էլ կփորձեմ: Նամակում ասում եմ, որ ցեղասպանության մեղավորները նրանք են, ովքեր ոճրագործության կատարման հրամանը տվեցին, ինքը պատասխանատու չէ այն բանի համար, ինչ արել են նախկինում: Պատասխանատուն հրաման տվող գեներալներն են, բայց պետք է ճանաչել ցեղասպանությունը»,-ասում է մասնագիտությամբ ոսկերիչ լեռնագնացը:
Խոսելով Արարատի մասին՝ նա չի թաքցնում հուզմունքը: «Երբ Արարատից ես տեսնում Հայաստանը, բոլորովին այլ զգացողություն ես ունենում»,-նշեց Արան՝ հավելելով, որ շատ է ցանկանում հանդիպել Նիկոլ Փաշինյանին:
Լեռնագնացը ծնվել է Լիբանանում: 9 տարեկան է եղել, երբ պատերազմի պատճառով ընտանիքը մեկնել է Ֆրանսիա:

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]