Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

«Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման 4-րդ շրջանը». ադրբեջանագետ

«Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման 4-րդ շրջանը». ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղի ունեցած վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ այդ երկրում կան  խնդիրներ մի շարք ուղղություններով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նշեց, որ թվացյալ պատկերը, թե Ադրբեջանում իրավիճակը վերահսկվում է իշխող ընտանիքի կողմից, տեսնում ենք, որ այս վերջին իրադարձություններն այլ իրողության մասին են խոսում:

«Տեղի ունեցավ մահափորձ քաղաքապետի նկատմամբ, որից հետո ի նշան ձերբակալված անձի պաշտպանության ցույց անցկացվեց, որի ընթացքում 2 բարձրաստիճան ոստիկան սպանվեց: Այնինչ, սովորաբար Ադրբեջանում նման ակցիաների դեպքում լուրջ վերահսկողություն է իրականացվում»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Սկզբնական շրջանում տեղեկատվական դաշտը հաղորդեց, որ քաղաքապետի նկատմամբ մահափորձը կենցաղային ֆոն ուներ, դրանից հետո խոսվեց ծայրահեղ կրոնականների, այնուհետև արտաքին միջամտության մասին, նույնիսկ հայկական հետք էին տեսնում:

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են նման իրավիճակի առաջացման մեղքը բարդել բոլորի վրա և երբեք չվերցնել պատասխանատվություն: Եվ բավական է, երկրում լինի փոքր արտակարգ իրավիճակ, թե՛ տեղեկատվական, թե՛ պետական համակարգը, թե՛ ինստիտուտները, որոնք, ըստ էության, մեկ մարդուց են կախված, հայտնվում են կոլապսի մեջ:

«Այս դեպքով պայմանավորված՝ այժմ սկսվել է ձերբակալությունների զանգվածային ալիք, խոսվում է մոտ 100 ձերբակալվածի մասին, և նրանց բոլորին ներկայացնում են կրոնական ծայրահեղականների ֆոնի վրա: Իմ համոզմամբ, դա արտաքին ծածկույթն է, իրականում ներքին խնդիրներ կան, առկա են ներիշխանական պայքարի տարրեր»,-ասաց ադրբեջանագետը:

Տաթև Հայրապետյանը նշեց, որ այս բոլոր գործընթացներին իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները: Մտավախություն կա, որ հայաստանյան իրադարձությունները կարող են արտահայտվել նաև իրենց երկրում: Տաթև Հայրապետյանի խոսքով, Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման այս 4-րդ շրջանը, որովհետև խնդիրները գնալով սրվելու են, ընդ որում, կանխատեսումներ կան, որ սա դեռ ավարտը չէ: Ամբողջատիրական թվացյալ վերահսկողությունն իր ճաքերն է տալիս, որովհետև ինստիտուտները չեն գործում:

Փորձագետ Լիանա Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ սահմանային իրավիճակի վրա: Սովորաբար հասարակության ներքին խնդիրներից շեղելու համար, իշխանությունները փորձում են հանրությանը համախմբել արտաքին թշնամու նկրտումների գաղափարի շուրջ: Եվ պատահական չեն այս առումով հնչող հակահայկական հայտարարությունները:

«Ադրբեջանի գործողությունները դրսևորվում են մի քանի ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, տեղեկատվական, քարոզչական: Քաղաքական դաշտում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը դրսևորվում է բանակցային սեղանի շուրջ՝ շարունակելով չկատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաններից հնչում են ուժի կիրառման սպառնալիքի մասին հայտարարություններ, կարծես թե փորձում են հանրությանը պատրաստել պատերազմի, տեղի են ունենում կրակակետերի փոփոխություններ, ռազմական տեխնիկայի, զինուժի կուտակումներ: Այստեղ, կարծում եմ,  միջազգային հանրությունն անելիք ունի, համարժեք պետք է արձագանքի իրավիճակը մեղմացնելու համար»,-ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է տեղեկատվական, քարոզչական ոլորտում քայլերին, այստեղ նույնպես ակտիվություն է նկատվում, որն ուղեկցվում է ապատեղեկատվության տարածմամբ: Փորձագետը նշեց, որ հայկական մեդիան շատ գործ ունի անելու:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ