Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Փոխնախարարը լսել է Արարատի մարզի ուղևորների և ուղևորափոխադրողների փաստարկները


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 17-ին հանդիպեց  Արարատի մարզի միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենների և այդ երթուղիների աշխատանքից դժգոհ ուղևորների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: 

Նախարարի տեղակալը նշեց, որ ուղևորափոխադրումների ոլորտի խնդիրները կարգավորելու նպատակով աշխատանքներ են ընթանում «Միասնական երթուղային ցանց» ներդնելու ուղղությամբ, ինչի արդյունքում Հայաստանի բոլոր բնակավայրերը կապահովվեն տրանսպորտով։ Սակայն որոշ խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր կան, որոնք շուտափույթ լուծում են պահանջում։ Ուստի, նման ձևաչափով հանդիպումները նպատակ ունեն բարձրաձայնելու բոլոր կողմերի փաստարկները, առաջարկները և կոնկրետ լուծումներ գտնել։  

Ուղևորների վրդովմունքի հիմնական պատճառը տրանսպորտային միջոցների գերծանրաբեռնվածությունն է, անհարկի կանգառները, վարորդների անբարեխիղճ վերաբերմունքը և այլն։

Նրանք առաջարկում են  երթուղիների սպասարկման ճկուն գրաֆիկ սահմանել, ըստ այդմ՝ առավոտյան և երեկոյան Երևանից Արարատ և հակառակ ուղղությամբ երթուղիները սպասարկել ոչ թե մեկ, այլ կեսժամյա միջակայքով։ Կամ էլ՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավտոբուսային երթուղիներն էլ աշխատեն սահմանված ժամանակացույցին համապատասխան, հնարավորության դեպքում ակտիվացվի երկաթուղային տրանսպորտի աշխատանքը և այլն։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներկայացված խնդիրների լուծման մի շարք հնարավորություններ։ 

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ խնդիրների մի մասը  քայլ առ քայլ լուծում կստանա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, իսկ ամբողջությամբ՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ