Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

«Սպեղանի» երգչախմբի մենահամերգը՝ նվիրված Կոմիտասի հիշատակին

«Սպեղանի» երգչախմբի մենահամերգը՝ նվիրված Կոմիտասի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արդի խմբերգային արվեստի զարգացման գործում իր կարևոր ներդրումն ունեցող «Սպեղանի» երգչախմբի մենահամերգը հարուստ էր հայաստանյան պրեմիերաներով:   «Արմենպրես» հաղորդմամբ, հնչեցին արգենտինահայ կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանի, իտալացի կոմպոզիտոր Լորենցո Դոնաթիի, Յոհաննես Բրամսի և այլ ստեղծագործողների գործեր: Համերգային ծրագիրը տեղի ունեցավ հուլիսի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Ընտրվել են այս կոմպոզիտորների ստեղծագործությունները, քանի որ դրանք խմբերգային արվեստի հիանալի նմուշներ են և մեծ տպավորություն կգործեն հայ արվեստասերների վրա: Կարծում եմ՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ երաժշտասերներն այս ծրագրից հետո կծանոթանան Թերզյանի երաժշտական լեզվին»,-նշեց երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավարը և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սարինա Ավթանդիլյանը և շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը համերգային ծրագրի իրականացմանն աջակցելու համար:

Նա  հատուկ շնորհակալություն հայտնեց նաև  «Հայաստանի ընկերներ»  բարեգործական կազմակերպությանը՝ ի դեմս Ռուբեն Գալչյանի, ում շնորհիվ երգչախումբը ներկայացավ նոր հանդերձանքով :

«Սպեղանի» աղջիկների երգչախումբը իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և ներկայացրել մեր մշակույթը: «Սպեղանի»-ի կարևոր նվաճումներից մեկն էլ Կոմիտասի Սուրբ Պատարագի ձայնագրումն է՝ քահանայի և սարկավագի մասերով, որն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ