Առաջիկա ընտրությունների համար նախատեսվում է քաղաքական հեռուստաբանավեճերի կազմակերպում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը առաջիկա ընտրություններին քաղաքական ուժերի համար նախատեսել է հեռուստաբանավեճերի կազմակերպում Հանրային հեռուստաընկերությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանն այս մասին ասաց արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Նախընտրական քարոզչությունը նպատակ ունենք դարձնել ավելի քաղաքական մրցապայքար: Մեխանիզմներ ենք նախատեսել, որ պետությունը խթանի գաղափարների պայքարը: Հավասարություն ապահովելու համար Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսել ենք հեռուստաբանավեճերի կազմակերպում»,-ասաց Իոաննիսյանը:
Նպատակ ունեն նաև նվազեցնել հանցագործության ազդեցությունը ընտրության վրա: Ընտրողն ընտրական տեղամասում իր քվեն տալու է քաղաքական ուժին: «Սա մեր համոզմամբ` հնարավորություն կտա լուծել ժողովրդավարության ապահովման հետ կապված խնդիրներ: Փակ համամասնական ընտրակարգը հնարավորություն կտա հնարավորինս պարզեցնել ընթացակարգերը տեղամասում: Հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն քվեարկել»,-վստահեցրեց Իոաննիսյանը:
Այս ընտրակարգը հնարավորություն կտա նաև քվեախցիկներում ձերբազատվել գրիչներից: Կնվազեցվեն ընտրողների վրա ազդեցության մեխանիզմները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում