Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներին

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին, ՀԳՀՄ խորհրդի անդամ Հակոբ Բաղդասարյանին, ՀԳՀՄ «Տնտեսություն եւ գործարարություն ակումբի» անդամ Սերժ Ղարիբյանին, «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանին եւ խորհրդի անդամ Լիլիթ Չիչոյանին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արամ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ եւ հյուրեր,

թույլ տվեք ողջունել ձեզ այս յուրահատուկ առիթով ՀՀ Ազգային ժողովում գտնվելու համար:

Գաղտնիք չէ, որ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում մեր ձեռքբերումներն ու հաջողություները պայմանավորված են տնտեսության ոլորտում իշխանությունների կողմից տարվող քաղաքականության արդյունավետությամբ: Այս առումով տնտեսական քաղաքականության մշակման եւ իրականացման հարցում օրինաստեղծ գործունեությունը ստանում է առանձնահատուկ կարեւորություն, քանզի դրանով է պայմանավորված տարվող քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաեւ հանրության հիմնական հատվածի սպասելիքների հնարավոր ապահովումը: Ուստի, դրվատանքի է արժանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությունը` հանձնաժողովը վերածելու մի կողմից քաղաքականություն մշակողների եւ իրականացնողների, տնտեսագիտական-ակադեմիական մտքի ներկայացուցիչների, իսկ մյուս  կողմից` ԱԺ պատգամավորների միջեւ բանավեճի եւ երկխոսության յուրատեսակ հարթակի: Այն, անկասկած, իր դրական արդյունքն է տալիս, եւ մենք արդեն ունենք դրա օրինակները, որոնցից  մեկն է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությունը ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ: Ի դեպ, Ազգային ժողովի պրակտիկայում որպես հանձնաժողովի արտահաստիքային խորհրդատուի հետ այս համագործակցությունը, անշուշտ, կարելի է համարել նորույթ: Շարունակելով այս նախաձեռնությունները` մենք  ձեզ հետ միասին այսօր ականատես ենք լինում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այդ մոտեցման հերթական դրսեւորմանը եւ հնարավորություն ունենք համագործակցության նոր էջ բացել այս անգամ երկու այլ կազմակերպությունների եւ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի միջեւ: Պետք է արձանագրենք, որ այս կառույցների հետ հանձնաժողովի համագործակցությունն իրականացվել է նաեւ մինչ այս: Հուշագրերի ստորագրումն այս համագործակցությանը տալիս է ինստիտուցիոնալ բնույթ:

Համագործակցության հուշագրերը կնքվում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» հասարակական կազմակերպության, ինչպես նաեւ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջեւ:

Հուշագրերը` ի թիվս համագործակցության այլ մեխանիզմների, նախատեսում են նաեւ, որ մեր գործընկերները կարող են հանդես գալ փորձագիտական հետազոտություններով կամ իրականացնել ոլորտային ուսումնասիրություններ սեփական նախաձեռնությամբ:

Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք մաղթել հաջողություններ` համոզված լինելով, որ այս համագործակցությունը կլինի արգասաբեր»:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարեւորելով կողմերի միջեւ փոխգործակցությունը, նշել է, որ այս հուշագրերը  համագործակցության նոր նպաստավոր էջ կբացեն

Միքայել Մելքումյանը, արժեւորելով փոխադարձ համագործակցությունը, համոզմունք է հայտնել, որ  այն արդյունավետորեն կնպաստի տնտեսական ոլորտի օրենքների մշակման եւ ընդունման գործընթացի իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համագործակցության համար` Գագիկ Մակարյանն ուրախությամբ նշել է, որ իրենք պատրաստակամ են ներդնելու իրենց փորձն ու ներուժը ՀՀ Ազգային ժողովում  օրենսդրական  նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում:

Վահագն Համբարձումյանը, կարեւորելով օրենսդրության կատարելագործման հարցում կողմերի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է, որ մեծ պատիվ է խորհրդարանի հետ աշխատելը:

Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Գագիկ Մակարյանի եւ Վահագն Համբարձումյանի հետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]