Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

ԱԳՆ-ն կապի մեջ է արմատներով հայ բելառուս բլոգերի հետ, ում խոսքով՝ իր կյանքին վտանգ է սպառնում


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ Բելառուսը քայլեր կձեռնարկի իր քաղաքացու՝ հայկական արմատներով բլոգերի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Վլադիսլավ Մոսեսովի տարածած տեսանյութին, որում նա նշում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում Ադրբեջան այցից հետո: «Մենք կապի մեջ ենք նրա հետ, այս պահին քայլեր ենք ձեռնարկում գնահատելու վտանգավորության աստիճանն ու հնարավոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տիգրան Բալայանը:

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն իր տարածած տեսանյութում ասել էր, որ Ադրբեջանը հուլիսի 13-ին իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, ինչից հետո ինքն արդեն լքել է Բելառուսը: «Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ իմ երկիրը, սակայն իմ անվտանգության նկատառումներից ելնելով՝  դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Այն բոլոր երկրներին, որոնք ինձ իրենց համախոհն են համարում, խնդրում եմ իմ վիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել: Այն հետևորդներին, ովքեր չեն կարող ոչնչով օգնել, խնդրում եմ տարածեն այս տեսանյութը: Իմ կյանքը հիմա վտանգված է: Ինձ ամեն քայլի հետևում են, հավատացեք, ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Եթե ես 3 օր հետո կապի դուրս չգամ, դա կնշանակի, որ ինձ հետ ինչ-որ վատ  բան է պատահել»,-հրապարակած տեսանյութում նշել է Մոսեսովը: Բլոգերը գրել է, որ ինքն Ադրբեջան այցելել է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և հրապարակված տեսանյութն իր հանդիպած մարդկանց ներկայացնելու նպատակն է հետապնդել և ինքը համացանցում սպառնալիքներ է ստացել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ