Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Փաշինյանը հայկական ֆուտբոլում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ, պատասխանելով տրվող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անկախ հասարակական կազմակերպություն է, բայց տրամաբանությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են, և ես հուսով եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում հենց այս տրամաբանությամբ կգործի: Որքանով տեղյակ եմ՝ առաջիկայում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ պետք է տեղի ունենան: Հույս ունեմ, որ այդ ընտրությունները տրամաբանական լուծումների կհանգեցնեն»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ առկա միտումները հուշում են, որ հայկական ֆուտբոլում փոփոխություններ պետք է տեղի ունենան, և այդ փոփոխությունները տրամաբանական են:

«Կարծում եմ՝ հայկական ֆուտբոլում կուտակված շատ մեծ պոտենցիալ կա: Աշխարհի առաջնությունների ընթացքը ցույց է տալիս, որ հաջողություններ ունենում են այն հավաքականները, որոնք լավ, ուժեղ ազգային առաջնություններ են ունենում, որովհետև հենց բարձր մակարադակի ազգային առաջնությունն է, որ հավաքականների մակարդակում հաջողությունների է բերում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա մտահոգությամբ փաստեց, որ մեր ֆուտբոլի ազգային առաջնության մակարդակը շարունակաբար ընկնում է, ինչը, նրա գնահատմամբ, մտահոգիչ միտում է, որը ոչ միայն պետք է կանգնեցնել, այլև հետ շրջել: «Հուսով եմ, որ դա տեղի կունենա, և այն ահռելի ներուժը, որ կա կուտակված Հայաստանում և Սփյուռքում, հնարավոր կլինի օգտագործել, ներգրավել Հայաստանում ֆուտբոլի զարգացման և ազգային հավաքականի մակարդակում նոր հաջողություններ գրանցելու հարցում»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում քիչ առաջ տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև երկրորդ տեղը զբաղեցրած Խորվաթիայի ղեկավարին: Փաշինյանն իր շնորհավորանքները հղեց նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ