Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների փառատոնը Հայաստան կբերի երաժիշտների տարբեր երկրներից


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների ամենամյա փառատոնի նպատակն է աշխարհի տարբեր դպրոցների ներկայացուցիչներին մեկտեղել և ստեղծել փորձի փոխանակման մեծ հարթակ:

Փառատոնի համերգային ծրագիրը կանցկացվի  հուլիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Ալտշետեն փողային նվագախմբի և աշխարհահռչակ իսպանացի շեփորահար Ռուբեն Սիմեոյի կատարմամբ կհնչեն Ալ. Հարությունյանի Շեփորի կոնցերտը, Օ. Վաեսպիի Դիվերտիմենտոն, Ա. Շոուի Կլարնետի կոնցերտը և այլն:

Այս մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի մասնակիցներն ու կազմակերպիչները:

 «Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ և այն հայտնի է դառնում ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Ուստի հաջորդ տարի փառատոնի շրջանակում համերգներ կիրականացվեն նաև երկրից դուրս` Ռուսաստանում, Շվեյցարիայում և Իսրայելում»,- նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանը:

Նա շեշտեց, որ այս տարվա փառատոնին հատուկ Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը նվագելու համար Հայաստան է ժամանել հայտնի շեփորահար Ռուբեն Սիմեոնը:

Սիմեոնն ասաց, որ ուրախ է Հայաստանում հանդես գալու հնարավորության համար: Երաժիշտը խոստովանեց, որ մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իր ելույթին ու անհամբերությամբ սպասում համերգին:

Հայաստանն աշխարհում այն եզակի երկրներից է, որտեղ անցկացվում  է բացառապես փողային գործիքների փառատոն, այդ իսկ պատճառով մեծ է հետաքրքրությունը, ինչպես երաժիշտներն են նշում, փառատոնի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ: Հատկանշական է այն փաստը, որ փառատոնը կրում է հենց Ալեքսանդր Հարությունյանի անունը, որի համաշխարհային համբավը խթանում է փառատոնի ճանաչմանը արտերկրում:

Փառատոնը չի սահմանափակվում Երևանյան համերգասրահներով և նպատակ է հետապնդում համերգային ծրագրերում ընդգրկել Հայաստանի բոլոր մարզերը և Արցախը: Դրա վկայությունն էր հունիսի 13-ին Բյուրական արվեստի ակադեմիայում կայացած համերգը: Ինչպես նաև ծրագրվում են համերգներ արտերկրում:

Առանձնահատկություններից են նաև համերգների ընթացքում հնչող համաշխարհային պրեմիերաները, որով ծնունդ են առնում աշխարհահռչակ երաժիշտների անհայտ գործերը:

Համերգի նախօրեին նվագախմբի 70 երաժիշտների նվագակցությամբ կանցկացվի քայլերթ դեպի Արամ Խաչատրյան համերգասրահ, որի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից՝ ժամը 18:15-ին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ