Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց Վարդենիսի տարածքի համայնքների ղեկավարների հետ


ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիսի տարածաշրջան՝ Վարդենիսի համայնքապետարանում համայնքների ղեկավարների հետ քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հարցեր:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Վարդենիսի համայնքապետարանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Վարդենիս, Ծովակ, Ախպրաձոր, Լճավան, Մաքենիս, Վանեվան, Տորֆավան, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Ակունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Գեղաքար համայնքների ղեկավարների հետ: Խորհրդակցությանը հրավիրված էին նաեւ Վարդենիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները: Օրակարգում քննարկվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման եւ աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման հետ կապված հարցեր:

Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Վարդենիսի տարածքի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 49,4 տոկոս, որը մարզի միջինից ցածր է 17,6 տոկոսով:Հավաքագրման արդյունքներն առավելապես ցածր են հողի հարկի գծով, որտեղ առանձին համայնքներ չեն հատել նույնիսկ 10 տոկոսի շեմը:

«Սեփական եկամուտների հավաքագրման ընթացքից արդեն իսկ կարելի է պատկերացում կազմել աշխատանքի արդյունավետության մասին: Այն համայնքներում, որտեղ որոշակի շարժ է նկատվում, այնտեղ բարձր է նաեւ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը, իսկ որտեղ աշխատանք չի նկատվում, անբավարար է նաեւ սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: Մենք անչափ կարեւորում ենք տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը, որի դեպքում միայն սոցիալ-տնտեսական շատ հիմնահարցեր կարող են ստանալ իրենց լուծումը:

Ցավոք սրտի, համայքների որոշ ղեկավարներ չեն տիրապետում իրավիճակին, ծագած հիմնախնդիրների լուծման միջոցներին եւ, իրենց լիազորությունների շրջանակներում հարցերը կարգավորելու փոխարեն , բնակչությանն ուղղորդում են դեպի մարզպետարան կամ ճանապարհներ փակելու ոչ խելամիտ գործողությունների: Մենք ունենք նաեւ համայնքների ղեկավարներ, ովքեր աշխատում են ամենայն պատասխանատվությամբ ու արդյունավետորեն, անթերի ու ժամանակին կատարում իրենց պարտականությունները:

Շատ եմ կարեւորում նաեւ համագործակցված աշխատանքը, որտեղ ցանկացած թերացում մեր կողմից կարժանանա համարժեք վերաբերմունքի: Թերացումները բոլոր համայնքներում գրեթե նույն բովանդակությունն ունեն՝ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ, գրությունների պատասխանների եւ հաշվետվությունների ուշացումներ, անփույթ ու անհոգի վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, այլ դրսեւորումներ, որոնք անհանդուրժելի են»,-հայտարարեց Գեղարքունիքի մարզպետը: Խորհրդակցության ավարտին Իշխան Սաղաթելյանը հրահանգեց՝ ամենասեղմ ժամկետներում բարձրացնել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները եւ մարզպետարան ներկայացնել հրատապ լուծում պահանջող ծրագրեր, որոնք այս պահին ամենակենսական նշանակությունն ունեն տվյալ համայնքի համար, եւ որոնք կիրականացվեն ՀՀ կառավարության աջակցությամբ:

Խորհրդակցության ավարտից հետո Իշխան Սաղաթելյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Վարդենիս քաղաքի մի շարք թաղամասեր եւ տեղում ծանոթացավ հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Ըստ համայնքի ղեկավարի ներկայացման՝ «Բանդեր» թաղամասում կոյուղին տարիներ շարունակ հոսում է վերգետնյա՝ հակասանիտարական վիճակ ստեղծելով բնակչության ու շրջակա միջավայրի համար: Երիտասարդական փողոցի բազմաբնակարան մի քանի շենքերի տանիքների նորոգումը եւ Գայի փողոցի ասֆալտապատումը եւս ներկայացվեցին հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկում, որոնց շուրջ մարզպետարանում տեղի կունենա լրացուցիչ քննարկում:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ