Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր է բանակցային տրամաբանության շարունակականությունը. Քաղաքագետ


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հուլիսի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ առաջին անգամ հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ։ 

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և առավելապես ուղղված էր կողմերի միջև մտքերի փոխանակմանը։ Շուրջ չորս ժամ տևած բրյուսելյան այս հանդիպումը կարևորվում է մի քանի տեսանկյունից։ Նախ, Հայաստանում կառավարության ձևավորումից հետո սա նորանշանակ արտգործնախարարի առաջին հանդիպումն էր Է. Մամեդյարովի հետ, ուստի կողմերը խնդիր ունեին հստակեցնելու իրենց դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպումը կարևորվում է նաև հետագա բանակցությունների համար օրակարգն ուրվագծելու տեսանկյունից։ Ինչպես նշվում է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ, քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրականացվելիք հետագա քայլերին և առաջիկա ծրագրերին։ 

Նշենք նաև, որ հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանում ռազմական ոլորտում իրականցվող որոշակի գործողությունների ակտիվացման և ռազմաքաղաքական հռետորաբանության կոշտացման ֆոնին։ Այս համատեքստում առաջնային են հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանի կատարած շեշտադրումներն առ այն, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում հակամարտության կարգավորմանը։ 

Միևնույն ժամանակ, հայկական կողմը կարևորել է բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը, և այս առումով կարևոր է նախկինում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը։ Խոսքը մասնավորապես, վերաբերում է 2016թ․ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև 2017թ․ հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են վստահության մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության միջոցների ամրապնդմանը և այլ խնդիրների։ Այդ համաձայնությունների կատարման անհրաժեշտության մասին մշտապես բարձրաձայնել են թե՛ հայկական կողմերը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, Ադրբեջանը մշտապես հետ է կանգնում իր ստանձնած պարտավորություններից՝ այդպիսով հարված հասցնելով բանակցային գործընթացում հետագա առաջընթացին։ 

Պետք է ընդգծել նաև, որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը և հռետորաբանությունը որևէ կերպ չեն տեղավորվում սեփական հանրությանը խաղաղությանը պատրաստելու տրամաբանության մեջ և հակասում են համանախագահների հնչեցրած հորդորներին և գործադրած ջանքերին, ինչը ևս նվազեցնում է արդյունավետ բանակցությունների հնարավորությունը։ 

Բանակցային գործընթացի արդյունավետության ապահովման և տրամաբանության վերականգնման տեսանկյունից բավական կարևոր է նաև հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Արցախի լիարժեք և իրատեսական ներգրավվածությունը բանակցային գործընթացին, ինչի մասին ևս հանդիպման ընթացքում բարձրաձայնվել է արտգործնախարարի կողմից։ 

Այս ամենի համատեքստում կարևոր է, որ ադրբեջանական իշխանությունները գիտակցեն, որ միայն ռազմական հռետորաբանության ու սեփական հանրության շրջանում հայատյացության քարոզչության դադարեցման պարագայում հնարավոր կլինի հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Միևնույն ժամանակ, Բաքվում չպետք է մոռանան, որ հայկական զինված ուժերը պատրաստ են ապահովել Արցախի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը։ 

Մյուս կողմից կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահները հասցեական հայտարարություններ հնչեցնեն և հստակ քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի իշխանությունների արկածախնդրությունը զսպելու ուղղությամբ։ Դա կարող է նպաստել բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը։ 

Ամփոփելով՝ նշենք, որ, կարծես թե, բանակցային գործընթացում հարաբերական պասիվությունից հետո նկատվում է գործընթացի ակտիվացում, ինչի մասին է վկայում արտգործնախարարների հաջորդ հանդիպման վերաբերյալ համաձայնության առկայությունը։ 

Վարդուհի Հարությունյան

Քաղաքագետ




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ