Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Գյումրիում կառուցվում է նոր համերգային դահլիճ


ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին կունեն նոր համերգային դահլիճ: Դահլիճը կկառուցվի ամերիկաբնակ բարերար Հովհաննես Օյունջյանի միջոցներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու Օյունջյան վարժարանի հարևանությամբ տեղի ունեցավ «Հովհաննես Օյունջյան» անունը կրող համերգային դահլիճի հիմնարկեքի արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր: Համերգային դահիճի կառուցման մեկնարկն ազդարարվեց բարերարի ծննդյան օրը՝ հուլիսի 13-ին:

«Օյունջյան» հիմնադրամի տնօրենը նշեց, որ առողջական վիճակի պատճառով ԱՄՆ-ում բժիշկներն արգելել էին Հովհաննես Օյունջյանին ինքնաթիռ նստել, սակայն նա որոշել էր իր ծննդյան օրը նվեր մատուցել գյումրեցիներին։ «Ուզում եմ նոր շենք կառուցել նոր Հայաստանում, կուզեմ ապրել այնքան, որ նոր բեմի վրա տեսնեմ մեր երեխաների պարը, նրանց ելույթը»,-բարերարի այս մաղթանքը հնչեց հիմնարկեքի արարողության ժամանակ։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մեծանուն բժշկին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը նշեց․ «Շնորհակալություն այս նոր նախաձեռնության համար ևս, որի մասին մենք շուրջ մեկ ամիս առաջ զրուցել էինք, և պատկերացրեք որքան հաճելի էր առաջին հանդիպումն ունենալ Ձեր հետ, մի մարդու, ով ինձ համար, իմ քաղաքի համար միայն բարեգործ չէ , այլ մեծատառով Մարդ:

Շնորհակալություն արված բոլոր գործերի համար, իսկ այսօր, պարզապես շնորհավորենք բոլորիս այս նոր նախաձեռնության՝ հիմնարկեքի կապակցությամբ»։ Բարերար-բժշկի նախաձեռնությամբ մեկ ու կես տարվա ընթացքում նախատեսվում է նոր համերգային դահլիճի կառուցում, որը կունենա ժամանակակից բոլոր հարմարություններն ու հնարավորությունները, ակուստիկա և կահավորում, 300 նստատեղ։ Շինաշխատանքներն իրականացնելու է «Կանակա» շինարարական ընկերությունը։ Հիմնարկեքի արարողությունից հետո հյուրերը շրջեցին բարերարի աջակցությամբ կառուցված արվեստի ու արհեստի դպրոցներում, հետևեցին սաների կատարումներին: Բժիշկի նախաձեռնությամբ Գյումրիում վերականգնվել է թիվ 21 դպրոցը, կառուցվել են արվեստի ու արհեստի դպրոցներ:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ