Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Հայաստանում հարկային մուտքերի 85 տոկոսն ապահովում են 3.6 հազար ընկերություն


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարկային համակարգում գրանցված 120 հազար հարկ վճարողներից ակտիվ են շուրջ 85 հազարը։ Ընդ որում՝ հարկային մուտքերի գերակշիռ մասը՝ 85 տոկոսն, ապահովում է 3 հազար 600 հարկ վճարող:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «85 հազարից, եթե հանենք այդ 3 հազար 600-ը, մնացածը համարեք, որ փոքր ու միջին ձեռնարկություններն են: Քանի որ 3 հազար 600 հարկ վճարողներն ապահովում են հարկային եկամուտների գերակշիռ մասը, բնականաբար, մենք մեր հարկային վարչարարությունը պետք է ուղղենք նրանց։ Բայց դա չի նշանակում, որ մնացածի առումով անելիք չունենք»,-ասաց Դավիթ Անանյանը:

Ինչ վերաբերում է ՓՄՁ-ներում վարչարարության կանխարգելիչ գործառույթին, ապա դա ենթադրում է իրազեկման աշխատանք տնտեսվարողների հետ, ներքին (կամերալ) ստուգումների արդյունքում խնդիրների վերհանում և նամակների տեսքով դրանց մասին տեղեկացում, որպեսզի շտկեն։

Պաշտոնյայի խոսքով՝ ստվերը հարաբերականորեն ավելի շատ առկա է փոքր ու միջին հատվածում, բայց դրա արդյունքային ցուցանիշները ավելի քիչ էական են: Ինչպես ՊԵԿ նախագահն է կարծում, իրենց գործողությունների արդյունքում փոքր ու միջին կազմակերպությունների վարքագիծը պետք է այլևս հարկային վարչարարության կիզակետում չլինի: «Այսինքն,  կա ստվեր, բայց մենք կասենք՝ դուք մեզ չեք հետաքրքրում: Մենք ձեզ կկանչենք, կհամոզենք, այցելություններ, աշխատաժողովներ կիրականացնենք, մշակույթ կձևավորվենք, կաղաչենք, կպաղատենք, որ դուք հարկերը վճարեք, բայց հսկողական միջոցառումներ չենք իրականացնի: Այդ գիծն է, որ պետք է հստակ գծվի»,-ասաց պաշտոնյան:

Նրա խոսքով՝ հարկային վարչարարության տեսանկյունից առավել արդյունավետ ու իրատեսական է քայլեր ձեռնարկել ռիսկային ոլորտում գործող որևէ խոշոր հարկ վճարողի հարկային դաշտ բերելու համար, քան նույն ծավալն ապահովող 40 կազմակերպության:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ը հավաքագրել է 649.7 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6 տոկոսով: Նշվածից 496.8 միլիարդ դրամը հավաքագրվել է հարկային մարմիններից, 152.9 միլիարդ դրամը՝ մաքսային մարմիններից:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ