Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տնտեսությունը հարկային օրենսդրության գերին չպետք է լինի. ՊԵԿ նախագահ

Տնտեսությունը հարկային օրենսդրության գերին չպետք է լինի. ՊԵԿ նախագահ

+ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սեպտեմբերին պետք է հանրությանը ներկայացնի Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթ: Պետեկամուտների կոմիտեն՝ որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, կներկայացնի առաջարկներ, բայց փոփոխություններն առաջ տանողը կլինի Ֆինանսների նախարարությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք պարտավոր ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրավունքի տեսանկյունից էլ խնդիրներ չառաջացնենք տնտեսվարողների համար: Մասնավորապես, կապիտալն ու եկամուտները պետք է քիչ հարկենք, սպառումը՝ շատ: Եթե մենք իջեցնենք կապիտալի ու եկամուտների նկատմամբ հարկային բեռը, խթաններ կլինեն: Քանի դեռ չենք իջեցրել, միայն վարչարարությամբ ենք եկամուտներ ապահովում»,-ասաց Դավիթ Անանյանը։

Նրա վստահեցմամբ՝ միջազգային կառույցներն այդ որոշման հանդեպ ադեկվատ վերաբերմունք ունեն, քանի որ տեսնում են առաջ գնալու Հայաստանի ջանքերը: «Միջազգային կառույցները բյուջետային մուտքերի մասին են մտածում, արդյոք մեր երկիրը կարողանալու է սպասարկել այն ծախսերը, որոնք ստանձնել է: Այստեղ դոմինանտը կառավարության խոսքն է»,-ավելացրեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է օրենսգրքում գլոբալ ու հեղափոխական փոփոխություններին, Դավիթ Անանյանը նկատեց, որ դրանք չեն սպասվում սեպտեմբերին, բայց այդ ուղղությամբ քննարկումները մեկնարկել են, և որոշակի ժամանակահատված հետո Հայաստանն այլ հարկային համակարգ կունենա:

 «Հիմա պարտավոր ենք մեր համակարգը ճշգրտել այնպես, որ տնտեսությունը Հարկային օրենսդրության գերին չլինի։  Մենք ուզում ենք ավելի շատ հարկեր հավաքվեն տնտեսական աճի արդյունքում ձևավորվող հարկային պարտավորություններով և ոչ թե վարչարարության գործիքներով: Վերջինը պետության համար շատ թանկ հաճույք է»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Հարկային դրույքաչափերի նվազեցման ազդեցությունը հարկային մուտքերի վրա ևս հաշվարկված է, կան մի քանի սցենարներ: Ըստ Դավիթ Անանյանի՝ հիմա իրենք յուրաքանչյուր սցենարի դեպքում հաշվարկում են, թե նժարի մյուս կողմում ինչ փոփոխություններ պետք է նախատեսվեն: «Մի քանի սցենարներ կան, որոնցից յուրաքանչյուրի համար ունենք հստակ բյուջետային կորուստների հաշվարկ: Օրինակ, եթե մենք վերցնենք 20/25 տոկոսի գաղափարը (հեղ. եկամտահարկի դեպքում), մինչև 500 հազարը 20 տոկոս, դրանից հետո՝ 25 տոկոս, (վերջերս ԱԺ մի խումբ պատգամավորներ նման նախաձեռնություն են արել), դրա բյուջետային կորուստների գնահատականը 45-47 միլիարդ դրամ է: Եթե որոշենք մեկ դրույքաչափ ենք սահմանում, օրինակ, 22 տոկոս, դրանով գնահատականը 53 միլիարդ է, 21 տոկոսի դեպքում՝ 63 միլիարդ, 20 տոկոսը՝ 74 միլիարդ դրամ է»,-տեղեկացրեց պաշտոնյան:

Նա հավելեց, որ որևէ սցենարի դեպքում բյուջետային կորուստները պետք է փոխհատուցվեն այլ եղանակներով՝ անուղղակի հարկերի կամ սպառման գծով որոշակի հարկային բեռի ավելացման, արտոնությունների կրճատման ու հարկային վարչարարության գործիքակազմի համալրման և իրականացման միջոցով:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]