Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Ընթերցողների դատին ներկայացվեց երեխաների և դեռահասների համար նախատեսված նոր գրքաշարը


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ միանգամից երեք գրքի շնորհանդես, որն ուղեկցվեց նկարների ցուցահանդեսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանրության դատին հանձնվեցին տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի, Մարիա Ղազարյանի երեք՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր» և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Այս տարի լրանում է մեր հրատարակչության 25 ամյակը: Այս ընթացքում մեր գործունեությունը ծավալել ենք հիմնականում մանկապատանեկան գրականության ոլորտում: Թեև Սուսաննա Հարությունյանը ուշ է սկսել գրել, սակայն շատ բեղմնավոր գրող է և հետագայում նույնպես համագործակցելու ենք»,- նշեց «Էդիթ Պրինտ« հրատարակչության հիմնադիր- տնօրեն Մկրտիչ Կարապետյանը:

Երեք հեղինակներից յուրաքանչյուրն աշխատանքի իր բաժինն է ունեցել: Ձևավորման և լեզվի պատասխանատուն Աննա Ղազարյանն է եղել: Թոռնուհին` Մարիա Ղազարյանը, պատրաստել է ինտերակտիվ խաղերի, կենդանիների, ռոբոտների և խաղալիքների վերաբերյալ թեմատիկ մասը, իսկ Սուսաննա Հարությունյանը կառուցել է սյուժեն և ղեկավարել ամբողջ կազմակերպչական աշխատանքը: Շնորհանդեսը ուղեկցվում էր Սուսաննա Հարությունյանի հեղինակած նկարների ցուցահանդեսով:

«Բացի այն, որ մենք ազգականներ ենք, նաև համախոհներ ենք: Ես շնորհակալ եմ Աննային` իմ դստերը, որ ինձ սովորեցրել է նկարել: Մենք նկարել սկսել ենք գրքերը գրելու հետ զուգահեռ: Այսօր ցուցադրությունում ներկայացված է իմ նկարների միայն մի մասը, քանի որ կտավները գտնվում են Ռուսաստանում:  Գրքում ևս տպագրված են մեր նկարներից: Բառերն ու նկարները լրացնում են միմյանց»,- ասաց Սուսաննա Հարությունյանը:

Գրքերը հրատարակվել են հայերեն և ռուսերեն: Այս պահին գրքերը թարգմանվում են նաև անգլերեն` համաշխարհային հանրությանը հասանելի դարձնելու համար: Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի և Մարիա Ղազարյանի «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» և «Երևակայության խաղեր» պատմվածքների շարքը ներկայացնում է մի ուրույն աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է երևակայականին, իսկ երևակայականը վերածվում է իրականության: Նրանց հերոսները, հայտնվելով բարդ իրավիճակներում, չեն վհատվում, այլ փորձում են գտնել ճիշտ լուծումներ՝ մարզելով միտքը, ճանաչելով բարին ու չարը:

Իսկ «Երջանկության թևերով» գրքի հերոսները երեխաներ են, ովքեր ցանկացած տարիքում մեծերի ուշադրության, հոգատարության և աջակցության կարիքն ունեն: Նրանք նրբորեն զգում են կեղծավորությունը և չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն և ամուր ընտանիք՝ ահա գրքի հերոսների երջանկության բաղկացուցիչները:

«Երևակայության խաղեր», «Սոլնիշկոյի և Մաքսիմի ընկերների ակումբը», «Երջանկության թևերով» պատմվածքների շարքը նախատեսված է երեխաների և դեռահասների համար: Ընթացքի մեջ են ընտանեկան ընթերցանության համար նախատեսված ֆանտաստիկ ժանրի «Հետ շրջելով ժամանակը» գրքի լույսընծայման աշխատանքները:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ