Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Դավիթ Անանյանը խոստանում է լքել պաշտոնը, եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրները չլուծի


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը խոստանում է վայր դնել պաշտոնը, եթե իրենց գերատեսչությունն իր ամբողջ ծավալով չիրականացնի իր առջև դրված պարտականությունները:

Պաշտոնյայի խոսքով՝ այս մասին քննարկում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով որոշակի վերապահումներ է ունեցել ՊԵԿ բարձրաստիճան պաշտոններում Անանյանի կողմից որոշ անձանց նշանակումների վերաբերյալ: «Այո, մենք «ներքևից» համալրում ենք ՊԵԿ-ը երիտասարդ կադրերով, ու այդ հոսքը շատ մեծ չափով այս պահին իրականացվում է, բայց «վերևի» մակարդակում՝ որոշումներ կայացնողների առումով, այսօրվա իմ որդեգրած քաղաքականությունն այն է, որ ես վստահում եմ փորձառություն ունեցող կադրերին: Այդ առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում: Պետք է ասեմ, որ հարցը ոչ թե կադրային է, այլ այն, թե ինչ խնդիրներ են դրված ՊԵԿ-ի առջև, դրանք իրագործվում են, թե ոչ: Վարչապետն էլ ուներ որոշակի վերապահումներ իմ կողմից նշանակումների վերաբերյալ: Մենք զրուցել ենք ու եկել այսպիսի պայմանավորվածության, որ, եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրներն ամբողջ ծավալով իրականացնում է, ապա նշանակումները ճիշտ էին, եթե չի իրականացնում, մենք պետք է հետևություններ անենք: Այդ պարագայում իմ կադրային նշանակումներով հանդերձ ՊԵԿ-ում որևէ անելիք չեմ ունենա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Անանյանը: Ճշտող հարցին՝ «այսինքն հրաժարական կտաք»՝ ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ «իհարկե»:

Անդրադառնալով իր տեղակալ Արա Գաբրիելյանի նշանակմանը, որը ԶԼՄ-ներից մեկը որակել էր «խայտառակ»՝ նշելով, որ անցյալում նա ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար՝ Դավիթ Անանյանն ասաց. «Մեզ դա այնքան էլ չի հետաքրքրում: Հարցն այն է, թե արդյոք նա ՀՀ օրենսդրությամբ համարվում է դատապարտյալ, մեղադրյալ, իրավական տեսանկյունից խնդիր կա իր նշանակման հետ կապված: Եթե նա քրեական պատասխանատվության ենթարկվել է, ամբողջությամբ կրել է իր պատիժը, ԱՄՆ օրենսդրությամբ այն մարված է համարվում: Նա մեր օրենսդրությամբ պատիժ կրած անձ չի»:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ